Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի խմբերը կսկսեն աշխատանքը

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի կողմից հաստատված մասնագիտական խմբերը կսկսեն իրենց աշխատանքը՝ հասցեագրելու արցախցիների խնդիրները, հայտարարել է խորհուրդը:

Մասնավորապես, նախատեսվում է կառավարության հետ երկար ու մանրամասն բանակցությունների արդյունքում ձևավորել փորձագիտական խմբեր, որոնք բանակցություններ կվարեն նախօրոք համաձայնեցված հարցերի շուրջ, ապա համապարփակ լուծումներ կառաջարկվեն ՀՀ-ում արցախցիների իրավունքների պաշտպանության և հրատապ հիմնախնդիրների կարգավորման համար:

«Կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչները հավաստիացրել են, որ հիմնարար բարեփոխման կենթարկվեն բնակարանային և զբաղվածության ծրագրերը, ինչպես նաև լուծում կտրվեն մի շարք այլ իրավական ու սոցիալական խնդիրների», – ասված է հաղորդագրության մեջ:

Թե կոնկրետ երբ կմեկնարկեն աշխատանքները, չի նշվում:

Այնուամենայնիվ, Խորհուրդը հայտարարել է, որ չի բացառում ցանկացած պահի փողոցային պայքարի վերադառնալու և ավելի կոշտ գործողությունների դիմելու հնարավորությունը, եթե Հայաստանի կառավարության կողմից բավարար քայլեր չձեռնարկվեն արցախցիների իրավունքների պաշտպանության համար:

«Միևնույն ժամանակ, Խորհուրդն արձանագրում է, որ ՀՀ կառավարությունը որևէ քաղաքական կամք չի ցուցաբերել մարտի 29-ին հրապարակված պահանջագրի մի շարք կետերի մասով նույնիսկ բովանդակային քննարկումներ իրականացնելու ուղղությամբ: Այդ առումով Խորհուրդը շարունակելու է իր ջանքերը բոլոր կետերի կատարման նպատակով՝ առաջնահերթ ուշադրության տակ պահելով հրատապ խնդիրների լուծումը՝ միտված Մայր Հայաստանում Արցախի ժողովրդի արժանապատիվ ու կայուն կեցության ապահովմանը», – նշված է հաղորդագրության մեջ:

Ապրիլի 10-ի նիստում կառավարությունը որոշում էր ընդունել Արցախից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին մինչև 2025 թվականի դեկտեմբեր ամիսը ներառյալ ամենամսյա դրամական աջակցություն տրամադրել։

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամներն ապրիլի 29-ին տեղեկացրել էին, որ «Ազատության» հրապարակից հեռացնելու են վրանը և տեղակայելու են Արցախի ներկայացուցչությունում։ Նրանք նաև ասել էին, որ ապրիլի 30-ին կառավարությունը ոչ միայն երկարաձգելու է «40+10» ծրագիրը, այլև ընդունելու է խորհրդի ներկայացրած պահանջները։

Կառավարությունն ապրիլի 30-ի նիստում երկարաձգեց արցախցիների սոցիալական աջակցության ծրագիրը:

Կարդացեք նաև՝

«Մեկ տարի առանց Արցախի». 2023թ․ ադրբեջանական հարձակման և բնիկ հայերի տեղահանության ժամանակագրություն

Բարձր հարկեր և աջակցության բացակայություն. ի՞նչ դժվարություններ ունի արցախյան բիզնեսը Հայաստանում

 

 

Leave a Comment