Կիևը և Վաշինգտոնը համաձայնագիր են ստորագրել համատեղ հանքարդյունաբերության և Ուկրաինայի վերականգնման համար ներդրումային հիմնադրամ ստեղծելու մասին, հաղորդում է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։
Փաստաթուղթը ստորագրել են ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը և Ուկրաինայի առաջին փոխվարչապետ, երկրի էկոնոմիկայի նախարար Յուլիա Սվիրիդենկոն, որը հատուկ այս նպատակով մեկնել է Վաշինգտոն։
Համաձայնագիրը նախատեսում է հատուկ հիմնադրամի ստեղծում, որը կկառավարի Ուկրաինայում որոշակի տեսակի բնական պաշարների, ենթակառուցվածքային օբյեկտների և որոշ այլ ակտիվների օգտագործումից ստացված եկամուտները։
Ինչպես հետևում է նախագծի տեքստից, համաձայնագրի կնքումից առաջ Ուկրաինային տրամադրված ԱՄՆ ռազմական օգնությունը չի համարվում ամերիկյան կողմի ներդրում։ Նախկինում ուղարկված օգնությունը «պարտք» չհամարելու պայմանը սկզբունքային էր Կիևի համար։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել էր, որ Վաշինգտոնը ցանկանում է հանքանյութերի արդյունահանման ապագա եկամուտների միջոցով «վերադարձնել գումարը», որը Ուկրաինային էր տրամադրվել զենքի համար։
Ինչպես չորեքշաբթի հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը, ընդերքի վերաբերյալ համաձայնագիրը կլինի «բացարձակ գործընկերային». ներդրումային հիմնադրամը կունենա 50/50 մասնաբաժին կառավարման և ֆինանսավորման մեջ։ Ուկրաինան պահպանում է բոլոր ռեսուրսների, ընդերքի և ենթակառուցվածքների նկատմամբ վերահսկողությունը, և ներդրումները կկատարվեն միայն նոր հանքային լիցենզիաների միջոցով։
Հիմնադրամը պետք է ներդրումներ կատարի Ուկրաինայում 10 տարվա ընթացքում։
Շմիգալի խոսքով՝ համաձայնագիրը ոչ մի կերպ չի խոչընդոտի Ուկրաինայի անդամակցությանը Եվրամիությանը։
Կիևը և Վաշինգտոնը ամիսներ շարունակ բանակցություններ էին վարում համաձայնագրի շուրջ։ Փետրվարի 15-ին Մյունխենում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրաժարվել էր հաստատել Միացյալ Նահանգների հետ համաձայնագրի այն ժամանակվա տարբերակը՝ բացատրելով, որ փաստաթուղթը չի պարունակում «անվտանգության հատուկ երաշխիքներ» իր երկրի համար։
Մարտի 30-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել էր Զելենսկուն համաձայնագրից դուրս գալու մտադրության մեջ։ «Նա փորձում է դուրս գալ հազվագյուտ մետաղների մասին համաձայնագրից, և եթե դա անի, խնդիրներ կունենա, մեծ, մեծ խնդիրներ», — ասել էր ԱՄՆ նախագահը։ Ապրիլի 1-ին Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան հայտարարել էր, որ Կիևը աշխատում է հանքային պաշարների վերաբերյալ համաձայնագիրը երկու երկրների շահերին համապատասխանեցնելու ուղղությամբ։
Ապրիլի 16-ին Bloomberg-ը հաղորդել էր, որ Միացյալ Նահանգները մեղմացրել է գործարքի պայմանները։
Ապրիլի 17-ին Ուկրաինան և Միացյալ Նահանգները ստորագրել էին մտադրությունների մասին հուշագիր՝ «տնտեսական գործընկերության և ներդրումային վերականգնման հիմնադրամի վերաբերյալ պաշտոնական համաձայնագիրն ավարտելու» վերաբերյալ։