ՀԲԸՄ-ն նշում է 119-ամյակը. «Երաժշտական եռանկյունի» — Հայաստանի Հանրային Ռադիո

Հայ բարեգործական ընդհանուր միության ավելի քան մեկդարյա գործունեության գլխավոր պատմական գործառույթը հայապահպանությունն է։

1906 թվականից դա արտահայտվում է կազմակերպչական, գիտական և մշակութային գործունեությամբ։ Տարբեր պատմական շրջաններում այն ձևափոխվում էր ըստ առաջնայնությունների։ Հավատարիմ մնալով հիմնադիրների տեսլականին՝ հայ ժողովրդի պատմության թե՛ անհանգիստ և թե՛ հաղթական ժամանակներում ՀԲԸՄ-ն մշտապես կենսական դեր է ունեցել, շարունակելով համայն հայության բարգավաճմանն ու բարօրությանը ուղղված առաքելությունը:

«Միավորելով աշխարհասփյուռ հայ համայնքները՝ մեր կենտրոնները, շրջանակներն ու համաշխարհային մասնաճյուղերը բարենպաստ պայմաններ են ստեղծում մեր ազդեցության ընդլայնման համար: Ավելի քան մեկ դար անց, ՀԲԸՄ-ն հավատարիմ է մնում նոր ռազմավարական դաշինքներ մշակելու ու համաշխարհային կազմակերպությունների հետ գործընկերային հարաբերություններ զարգացնելու հանձնառությանը՝ ձգտելով մեծացնել գործունեության շրջանակները: Ապագան փոխակերպելու մեր հսկայական կարողությունների շնորհիվ աշխարհասփյուռ հայությունը ՀԲԸՄ-ին նայում է որպես հույսի աղբյուրի և նպատակների իրագործման հնարավորության», — ասում է հաղորդման հյուրը, ՀԲԸՄ Հայաստանյան գրասենյակի մշակութային ծրագրերի ղեկավար Վարդան Ծուլիկյանը։

Միությունը լուրջ ներդրում ունի ներկայիս մշակութային կյանքում, որպես մշակութային, կրթական և հասարակական բազմաթիվ ընթացքների նախաձեռնող և հովանավորող։

Զրույցի ընթացքում առիթ ունեցանք անդրադառնալու կառույցի մշակութային քաղաքականությանը, կառուցվածքային հարցերին և հայեցակարգային խնդիրներին։

ՀԲԸՄ-ն խոշորագույն հայկական միջազգային կառույց է՝ իր բազմաթիվ գրասենյակներով, կենտրոններով, դահլիճներով և այլ հարթակներով։ Տարածում է իր առաքելությունը գիտական, կրթական, կազմակերպչական, հրատարակչական, արվեստների և մշակույթի ոլորտներում։

Leave a Comment