Ռուսական զորքերը ԱԹՍ-ներով զանգվածային հարված են հասցրել Օդեսային․ զոհեր և վիրավորներ կան

Քաղաքականություն

01.05.2025 | 11:51

Ռուսական զորքերը մայիսի լույս 1-ի գիշերը «Շահեդ» ԱԹՍ-ներով զանգվածային հարված են հասցրել Օդեսային, զոհեր և վիրավորներ կան։ Այս մասին հայտնում են տեղական իշխանությունները, գրում է Current time-ը։

Օդեսայի վրա ռուսական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով զոհվել է երկու մարդ, վիրավորվել՝ հինգը, հաղորդում է Օդեսայի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը։

«Թշնամական հարձակման հետևանքով վնասվել են բազմահարկ բնակելի շենքեր, մասնավոր տներ, սուպերմարկետ, դպրոց և մեքենաներ։ Որոշ տեղերում բռնկվել են հրդեհներ, որոնք մեր փրկարարները մարում են։ Հարվածի հետևանքով երկու մարդ մահացել է, հինգը՝ վիրավորվել։ Բժիշկները տուժածներին ցուցաբերում են անհրաժեշտ օգնություն։ Հարվածի հետևանքները շարունակվում են»,- գրել է նա։

Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայության կողմից տրամադրված նախնական տվյալների համաձայն՝ վիրավորվել է 15 մարդ։ Բազմահարկ շենքերից մեկից փրկարարները տարհանել են ավելի քան 200 բնակչի։

Օդեսայի քաղաքապետ Գենադի Տրուխանովը նույնպես հայտնում է քաղաքի տարբեր շրջաններում ավերածությունների և տուժածների մասին։

Այս գիշեր պայթյուններ են լսվել նաև Խարկովում։ Քաղաքապետ Իգոր Տերեխովի խոսքով՝ նախնական տվյալներով՝ «Մոլնիյա» անօդաչու թռչող սարքը հարվածել է քաղաքի Կիևյան շրջանում գտնվող բենզալցակայանին, որի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment