«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն արդեն 2 շաբաթ վարչության նիստեր չի անում, քանի որ քվորում չկա, գրել է «Հրապարակ»-ը՝ հղում անելով կուսակցությունում իր աղբյուրներին։
Այդ նիստերը սովորաբար տեղի են ունենում ամեն երեքշաբթի, սակայն վարչության անդամների մեծ մասը բացակայում է երկրից գործուղումների պատճառով։
Թերթը հավելել է, որ նիստերը կարող են չկայանալ նաև Փաշինյանի՝ ասելիք չունենալու պատճառով։
«Սակայն թիմում ոմանք չեն բացառում, որ Փաշինյանն առայժմ քննարկելու բան չունի թիմի հետ, հատկապես որ դեռեւս ինքն էլ չի կողմնորոշվում՝ ինչ անել մայիսի 9-ին»,- գրել է թերթը։
Ապրիլի 30-ին մամուլը գրել էր, որ Արևմուտքը բացահայտ ուլտիմատում է դրել մայիսի 9-ի Հաղթանակի օրվա շքերթին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա մեկնելու շուրջ։
Մարտի 20-ին մամուլում լուրեր էին տարածվել, որ Փաշինյանը պետական բոլոր գերատեսչություններին հրահանգել է ՌԴ-ի հետ միջգերատեսչական հորիզոնական կապերն ու շփումները վերականգնել ու մասնակցել բոլոր միջոցառումներին, հանդիպումներին։ Մարտի 21-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով այս լուրերը, հայտարարել էր, որ Մոսկվան մտադիր է հետագայում էլ զարգացնել երկկողմ հարաբերությունները Երևանի հետ։
