Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպել էր ավանդական երթ՝ մայրաքաղաքի Աբովյան պուրակից մինչև Հանրապետության հրապարակ։ Այս տարվա միջոցառումը կրում էր «Արժանապատիվ աշխատանք» խորագիրը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը լրագրողներին հայտնեց, որ մայիսի 1-ն առիթ է, որպեսզի ևս մեկ անգամ ավելի հնչեղ բարձրաձայնվեն աշխատողների ու արհմիությունների իրավունքները։ Սա նաև կարևոր միջոցառում է՝ խոսելու մարդկանց անվտանգ աշխատանքային պայմանների, արդար վարձատրության, սոցիալական արդարության մասին։ Երթին մասնակցում էին կոնֆեդերացիայի կազմում ընդգրկված կազմակերպությունների աշխատողները, ովքեր ներկայացնում էին տարբեր ոլորտներ՝ արդյունաբերությունից մինչև կրթություն և մշակույթ։

«Պետք է լինել հետևողական և ամեն օր պայքարել աշխատողների իրավունքների համար, ինչը մշտապես անում է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան՝ մասնակցելով օրենսդրական փոփոխությունների գործընթացին, նախագծերի մշակման մասնագիտական քննարկումներին։ Բայց միայն օրենսդրությունը բավարար չէ, անհրաժեշտ է ունենալ նաև համապատասխան մշակույթ, երբ հնարավոր է փոխել վարքագծային կանոնները, որպեսզի աշխատողն ինքը պահանջատեր լինի այդ իրավունքի պաշտպանության առումով, մտածի դրա մասին, քաջատեղյակ լինի իր իրավունքներից։ Եթե աշխատողը լռում է, ապա մենք ոչինչ անել չենք կարող»,-ասաց Մանասերյանը։
Նա հավելեց, որ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան ևս մեկ անգամ կարևորում է խնդիրը, խոսում է այդ մասին, ուստի խաղաղ, ապաքաղաքական երթի նպատակն էլ աշխատավորների իրավունքների պատշաճ բարձրաձայնումն է, ինչպես նաև խախտումների նվազեցման պահանջը, որպեսզի գործատուներն ապահովեն անվտանգ ու արժանապատիվ աշխատանքային պայմաններ՝ խուսափելով դժբախտ դեպքերից, որոնք հաճախակի են լինում որոշ ոլորտներում։

«Մարդիկ աշխատանքի ընդունվելուց առաջ նախ պետք է անպայման կարդան և ծանոթանան աշխատանքային պայմանագրի դրույթներին, որպեսզի ստորագրելուց հետո չբողոքեն։ 2024 թվականի ընթացքում մենք ունեցել ենք 655 դիմում-բողոք՝ կապված աշխատանքային հարաբերությունների իրավախախտումների հետ։ Ընդ որում՝ խախտվել են ոչ միայն արհմիությունների անդամների, այլև շարքային աշխատողների իրավունքները։ Մեր կոնֆեդերացիան նման անձանց նույնպես տրամադրում է անհրաժեշտ խորհրդատվություն։ Ունեցել ենք 16 դատական գործ, որոնցից 14-ը շահել ենք նախորդ տարվա ընթացքում, իսկ մեկը շահել ենք օրեր առաջ։ Վերջին դատական գործը դեռ ընթացքի մեջ է»,-տեղեկացրեց Մանասերյանը։
Նրա փոխանցմամբ՝ իրավախախտումների գերակշռող մասը վերաբերում է սխալ կիրառված կարգապահական տույժերին, աշխատանքից ազատվելուց հետո վերջնահաշվարկ չստանալու դեպքերին, մարդկանց արձակուրդ տրամադրելու խնդրին։

«Որքան էլ Աշխատանքային օրենսգրքում բավականին խստացվել է աշխատողներին արձակուրդ տրամադրելու դրույթի պահանջը, խնդիրը դեռ առկա է։ Նաև հանդիպում ենք այնպիսի իրավիճակների, երբ աշխատողներիի հետ պետք է կնքեն լիարժեք պայմանագիր, մինչդեռ նրանց առաջարկում են լոկ ծառայությունների մատուցման պայմանագիր։ Այդ դեպքում աշխատողի վրա չեն տարածվում աշխատանքային օրենսդրությամբ սահմանված բոլոր երաշխիքները։ Խնդիրներ են եղել նաև ժամանակավոր անաշխատունակության նպաստի տրամադրման հետ կապված։ 655 բողոքները եղել են բազմաբնույթ, ընդ որում՝ պրոբլեմը երկուստեք է և առնչվում է ինչպես գործատուների վարքագծին, այնպես էլ աշխատողների անբավարար իրազեկվածությանը»,- մանրամասնեց Մանասերյանը։
Նա հայտնեց, որ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան այդ նպատակով իրականացնում է իրազեկման տարաբնույթ արշավներ, անցկացնում է վարժընթացներ՝ հրավիրելով նաև գործատուներին, ներկայացնում է տեսահոլովակներ և դրանք տարածում սոցիալական մեդիայով։
Անդրադառնալով գործատու-աշխատող իրավակազմակերպչական հարաբերություններում առկա օրենսդրական բացերին՝ Մանասերյանը նշեց, որ այս պահին աշխատանքային օրենսդրության հիմնական բացը կապված է կոլեկտիվ աշխատանքային հարաբերությունների ներկայացման և պաշտպանության հետ։
«Մշտապես համագործակցում ենք Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ԱԺ համապատասխան հանձնաժողովի հետ՝ փորձելով լրացնել բացերը։ 2023 թվականին գործադիր և օրենսդիր մարմինները չանդրադարձան կոլեկտիվ աշխատանքային հարաբերություններին, բայց մենք այսօր արդեն աշխատում ենք այդ ուղղությամբ, որովհետև կարևոր է ունենալ եռակողմ սոցիալական գործընկերություն։ Աշխատանքային խումբն արդեն իսկ աշխատում է, և մենք շուտով կունենանք համապատասխան պայմանագիր, ինչը շատ կարևոր է և՛ կոլեկտիվ աշխատանքային պայմանագրերի կնքման, և՛ գործադուլի իրավունքի իրացման առումով»,- ասաց Մանասերյանը։
Նա շեշտեց, որ թեև գործադուլի մասին հոդվածը ենթարկվել է որոշակի փոփոխությունների, տողատակերը խանգարում են, խոչընդոտները շատ են, գործադուլ կազմակերպելու և իրականացնելու ընթացակարգերը բարդացել են, հետևաբար կոնֆեդերացիան գործընկերների հետ աշխատում է նաև այդ խնդրին լուծում տալու ուղղությամբ։