Եվրամիությանը միանալու գործընթացի մեկնարկի վերաբերյալ Հայաստանում ընդունված օրենքը դեռևս չի ենթադրում գործողություններ, որոնք կասկածի տակ կդնեն երկրի անդամակցությունը ԵԱՏՄ-ին, ՌԻԱ Նովոստիին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։
«Ակնհայտ է, որ նման մերձեցման որոշակի փուլում Բրյուսելի պահանջները՝ «եվրոպական ուղու» անխուսափելի մասը, կհակասեն Միության շրջանակներում Երևանի պարտավորություններին։ Խոսքը գնում է այնպիսի ոլորտների մասին, ինչպիսիք են մաքսային, մաքսային-սակագնային և տեխնիկական կարգավորումը, առևտրային քաղաքականությունը, սանիտարական և բուսասանիտարական միջոցառումները։ Այսինքն՝ մեր ընդհանուր շուկայի մասին, որը մեծապես ապահովում է տնտեսության աճը և հանրապետության բնակչության բարեկեցությունը», – ասել է նա։
Եվրամիությունը չի կարողանա փոխհատուցել Հայաստանի տնտեսության անխուսափելի կորուստները՝ ԵԱՏՄ-ից հանրապետության դուրս գալու դեպքում, հայտարարել է Միքայել Աղասանդյանը։
Նա հավելել է, որ ռուսական կողմը հայ գործընկերների հետ շփումների ժամանակ ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին միաժամանակյա անդամակցության անհնարինությունը բացատրում է նորմերի անհամատեղելիությամբ, մինչդեռ Երևանը հասկանում է ինչպես ԵԱՏՄ-ին մասնակցելու առավելությունները, այնպես էլ դուրս գալու հետևանքները։