Նոր Նորքի թաղապետը չպետք է պաշտոնավարի, բայց ինչ ասում է Արամ Սարգսյանը, ճիշտ է ասում․ Սիմոնյան


«Իմ կարծիքով՝ «Հանրապետություն» կուսակցությունը եթե հետևություն չարեց և իր վրա քաղաքական պատասխանատվություն չվերցրեց, ինչպես մի 6 ամիս առաջ բարձր արդյունքներ գրանցեց և վստահություն ստացավ ժողովրդից, դրա հակառակն է ստանալու»։

ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նման կարծիք հայտնեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմում տեղի ունեցած միջադեպին։

«Իրենք մեր գործընկերներն են, մենք իրենց հարգալից ենք վերաբերվում, բայց միևնույն ժամանակ քաղաքական պատասխանատվություն վերցնելու համարձակություն է պետք: Այդ համարձակությունը եթե դրսևորեն, ապա միայն դրական բան կբերի հաջորդ ընտրությունների ժամանակ։ Ինչ ասում է Արամ Սարգսյանը, ճիշտ է ասում»,- նկատեց նա:

Լրագրողի այն հարցին, թե ՔՊ-ն կո՞ղմ է, որ Նոր Նորքի թաղապետը չպետք է պաշտոնավարի, բայց դա թողնում են «Հանրապետություն» կուսակցության որոշմանը, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Այո՛»։

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Հիշեցնենք՝ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը թաղապետարանի աշխատակիցների հետ ծեծի էր ենթարկել իրենց հասցեին ավելի վաղ հայհոյանքներ հնչեցրած ակտիվիստ Արթուր Չախոյանին: 

Երևանի քաղաքապետարանից մեկնաբանել էին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի և ակտիվիստ Արթուր Չախոյանի միջև թաղապետարանում տեղի ունեցած միջադեպը:   

Ծեծկռտուքի հետևանքով միջադեպից հետո ձերբակալվել է վեց անձ։

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանին և բլոգեր, ակտիվիստ Արթուր Չախոյանին մեղադրանքներ են առաջադրվել:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական խորհրդակցության ժամանակ անդրադարձել էր օրեր առաջ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին։

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանն էլ ներողություն էր խնդրել տեղի ունեցածի համար։ 

«Տեսարանը ոչ հաճելիներից էր, կարծում եմ՝ որպես վարչական շրջանի ղեկավար՝ չպետք է տրվեի սադրանքին, պետք է առավելագույնս պահպանեի զսպվածություն։ Ցավում եմ տեղի ունեցածի համար, ձեզնից և հանրությունից ևս մեկ անգամ ներողամտություն եմ հայցում, դրանից հետո ինքս եկել եմ բազմաթիվ եզրահանգումների»,- ասել էր նա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

179 դիտում

Leave a Comment