ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ 2025 թվականի մարտի 30-ին նշանակված Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրությանը մասնակցող կուսակցությունների դաշինքներից մեկի կողմից առաջադրված թեկնածուի ազգականը և նշված դաշինքի ավագանու երկու թեկնածուները նախնական համաձայնությամբ խմբի կազմում բարեգործության անվան տակ ընտրողներին մատուցել են ծառայություններ և բարեգործության հետ միաժամանակ իրականացրել նախընտրական քարոզչություն:
Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:
«Մասնավորապես Գյումրի համայնքի փողոցներում կատարել են հարթեցման և խճապատման աշխատանքներ, որոնք ներկայացվել են որպես ընտրողների շրջանում ծառայությունների մատուցում, ընտրողի խնդրանքի կատարում՝ փաստացի իրականացնելով նախընտրական քարոզչություն։
Այդ կերպ վերը նշված երեք անձինք ընտրությունների նշանակման որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև ընտրությունների արդյունքների ամփոփումը բարեգործության անվան տակ նախընտրական քարոզչություն իրականացնելով՝ զուգորդված ընտրողների համար անհատույց ծառայություններ մատուցելու եղանակով խախտել են ընտրության ժամանակ բարեգործության արգելքը, որի համար նրանց մեղադրանք է առաջադրվել:
Մեղադրյալների նկատմամբ համակցված կիրառվել են վարչական հսկողությունն ու բացակայելու արգելք խափանման միջոցները։
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշենք՝ բարեգործության արգելքը խախտելու մասին խոսքը «Մեր քաղաքը» դաշինքի մասին է:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրիում ձերբակալվել էր «Մեր քաղաքը» դաշինքի ավագանու անդամի թեկնածու Անահիտ Խալաթյանը, նույն ինքը՝ Գյումրիում հայտնի «Չոռնի Անոն»:
«Մեր քաղաքը» դաշինքի ավագանու թեկնածու Անահիտ Խալաթյանի՝ «Չոռնի Անո»-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել վարչական հսկողությունը:
Նրա հետ ձերբակալված մյուս 2 կանայք՝ 75-ամյա և 90-ամյա, ազատ էին արձակվել ավելի վաղ, 75-ամյա կնոջ նկատմամբ ևս սահմանվել է վարչական հսկողություն:
Ընտրակաշառք տալու, ստանալու, ինչպես նաև ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթներից մեկով պարզվել է, որ Գյումրի համայնքի 2025 թվականի մարտի 30-ին նշանակված ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքի թեկնածուն բարեգործության անվան տակ ընտրողին դրամ և ապրանք խոստանալու եղանակով խախտել է բարեգործության արգելքը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
173 դիտում