Ունենք հարուցված բազմաթիվ քրեական վարույթներ տարբեր հանցատեսակներով՝ անփութություն, պաշտոնեական լիազորություններն անցնել, պաշտոնեական դիրքը չարաշահել, դասալքություն, հրաման չկատարել: Այդ վարույթներում ներգրավված են բարձրաստիճան սպաներ, հրամանատարներ, զինվորներ:
Այս մասին Ազգային ժողովում ասաց Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը՝ անդրադառնալով ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հարցին, թե 44-օրյա պատերազմի ժամանակ և պատերազմից հետո դատախազական վերահսկողության շրջանակներում ինչ է իրականացվել նախաքննական գործունեության նկատմամբ:
«Այս տարի մեղադրական եզրակացությամբ ուղարկեցինք մեկ ուղղության վերաբերյալ քրեական վարույթ, որ վարույթն իրականացնող մարմնի գնահատմամբ տվյալ բարձրաստիճան զինվորականի գործողությունների արդյունքում ոչ միայն ձախողվել է հարձակումը, այլև հետագայում ամբողջ պաշտպանական շղթան մի ուղղությամբ ձախողվել է, և ունենք կոնկրետ հետևանքներ»,- ասաց նա:
Ըստ ՔԿ նախագահի՝ կան նաև դատարան ուղարկված քրեական վարույթներ, որոնք դավաճանության դեպքեր են եղել. «Առանձին վերցրած՝ պետական դավաճանության վերաբերյալ քրեական վարույթներ ունենք: Հիմա մենք պիտի գնահատենք վերջնարդյունքում, թե ինչքանով է պետական դավաճանությունը՝ տվյալ անձի կողմից կատարված արարքը, ազդել այդ ուղղության վրա հետևանքի առումով»:
Ըստ Արթուր Պողոսյանի, քրեական վարույթները հիմնականում գաղտնի ռեժիմով են քննվում:
«Առաջիկայում, երբ օրինական ուժի մեջ մտած ակտեր ունենանք, հնարավորություն կունենանք գնահատել, թե այդ անձանց գործերը ինչքանով են պատերազմի ելքի վրա ազդել»,- ասաց նա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
94 դիտում