ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չպետք է թերագնահատել Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հնարավոր հանդիպումը, որը կարող է տեղի ունենալ Ստամբուլում մայիսի 15-ին։
«Կարծում եմ՝ երկու առաջնորդներն էլ (Ռուսաստանի և Ուկրաինայի – խմբ.) պետք է այնտեղ լինեն։ Մտածել եմ այնտեղ թռչելու մասին։ Չգիտեմ՝ հինգշաբթի օրը որտեղ կլինեմ, այնքան շատ հանդիպումներ ունեմ, բայց մտածում եմ այնտեղ թռչելու մասին։ Կարծում եմ՝ դա հնարավոր է», – Սպիտակ տանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Թրամփը:
Թուրքիայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ հինգշաբթի օրը Ստամբուլ կատարելիք այցի հավանականության վերաբերյալ հայտարարության, նշել է, որ որևէ հստակ տեղեկություն հայտնի չէ:
«Մենք այս հարցի (Թրամփի Ստամբուլ կատարելիք այցի – խմբ.) վերաբերյալ որևէ կոնկրետ տեղեկություն չունենք», – պարզաբանել է գործակալության աղբյուրը՝ հրաժարվելով պատասխանել այն հարցին, թե արդյո՞ք կա նման հավանականություն։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
155 դիտում