Թողնեն, չթողնեն՝ պայքարելու եմ «Էրեբունու» համար, այն մեր ինքնության կարևորագույն ամրոցն է. Միքայել Բադալյան


««Էրեբունին» չափազանց կարոր սիմվոլիկ, միստիկ, գաղափարական, ազգային, պետական նշանակություն ունի մեր ինքնության, Երևանի համար»,- yerkir.am-ին տված հարցազրույցում ասել է պատմական գիտությունների թեկնածու, հնագետ, ուրարտագետ, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի նախկին տնօրեն Միքայել Բադալյանը։

Նա նշել է, որ, ըստ ադրբեջանական պաշտոնական պրոպագանդայի, իբր Երևանը կառուցել է Ռևան-ղուլի խանը, իբր Երևանն ընդամենը 500 տարեկան է։

«Բերում են կատարստորֆիկ փաստեր, այսինքն՝ կատարելապես խեղաթյուրելով այս ամենը, իրենք մեզ կտրում են Էրեբունուց, որովհետև եթե Էրեբունին կա, բնականաբար, իրենք որևէ շանս չունեն հոխորտալու»,- ասել է Մ. Բադալյանը։

Այնուհետև նա շարունակել է. «Չգիտես ինչու՝ այս ամենը համահունչ է ինչ-որ քաղաքականության, որն արտացոլված է 7-րդ դասարանի խայտառակ դասագրքում, որտեղ Ուրարտուի քարտեզն է, իսկ Հայաստանի Հանրապետությունը չկա։

Դասագրքում սևով ընդգծված և իբրև առաջին տեսակետ բերված է նաև հայերի ծագման բալկանյան՝ վաղուց հերքված տեսությունը, որի համաձայն՝ մենք փռյուգիացի գաղութարարներ ենք, այսինքն՝ մենք այստեղ բնիկ չենք։ Սրանով փորձում են, ըստ երևույթին, լեգիտիմացնել նաև ուրիշ ոչ բնիկների գալը Հայաստան, օրինակ, այստեղ բնիկ կարող են դառնալ նաև ադրբեջանցիները:

Դասագրքում ոչ մի բառ չկա Էրեբունի-Երևան կապի մասին: Ինչո՞ւ: Ո՞ւմ է ձեռնտու այս ամենը:

Էրեբունին իմ տունն է, թողնեն, չթողնեն, պայքարելու եմ  «Էրեբունու» համար։ Դա մեր ինքնության կարևորագույն ամրոցներն են։

 Կոչով դիմում եմ բոլոր սրտացավ հայերին՝ եկեք փրկենք «Էրեբունին», այն մեր ինքնության կարևորագույն ամրոցն է։ Եթե «Էրեբունին» էլ մեզնից կտրեն, հետո չափազանց վատ է լինելու մեզ համար։ Եկեք միավորվենք «Էրեբունու» գաղափարի շուրջ:

 Դիմում եմ նաև քաղաքապետ Տիգրան Ավինյանին. եթե Ձեր ձեռքը դրել եք և երդվել եք Երևանի ծննդյան վկայականին, ուրեմն՝ պարտավ՛ր եք պահպանել Էրեբունին, այն ժառանգությունը, որ մեզ հասել է, եթե չեք անում, ուրեմն ձեր երդումը կեղծ է։

 Ուզում եմ դիմել մեր հոգևոր հայրերին. սա հոգևո՛ր պայքար է, բարու և չարի պայքար է»։

Leave a Comment