Եվրո-ասիական կապիտալի շուկաների միության ամենամյա ConFEAS 2025 միջազգային հեղինակավոր համաժողովն այս տարի անցկացվում էր Հայաստանում: Համաժողովի շրջանակում տեղի ունեցավ նաև FEAS-ի Չեմպիոնների լիգա մրցանակաբաշխությունը, որի ընթացքում Ամերիաբանկն արժանացավ պարտատոմսերի շուկայում ակտիվության համար տրվող բրոնզե մրցանակին: Սա առաջին անգամն է, որ հայաստանյան ֆինանսաբանկային ոլորտի որևէ կազմակերպություն արժանանում է Չեմպիոնների լիգայի մրցանակին։
«Մեզ համար հպարտության մեծ առիթ և հիմք է, որ առաջին անգամ հայկական շուկայից Ամերիաբանկն արժանացավ այս մրցանակին»,- ասում է Եվրո-ասիական կապիտալի շուկաների միության գլխավոր քարտուղար Կոնստանտին Սարոյանը և հավելում, որ Ամերիաբանկը մրցում էր Աբու Դաբիի, Իրանի, Եգիպտոսի և նման զարգացած այլ կապիտալի շուկաների ընկերությունների հետ, և ստացավ մրցանակ նման մրցակցության պարագայում:

Չեմպիոնների լիգա մրցանակաբաշխության շրջանակում մասնակիցներին տրվում են մրցանակներ երկու անվանակարգում՝ բաժնետոմսերի և պարտատոմսերի շուկաներում ակտիվության համար։ Վերջիններիս հաղթողների ընտրությունը կատարվում է՝ հիմք ընդունելով նրանց կողմից ապահովվող գործարքների ծավալները, քանակները, բորսայում ակտիվ օրերը, կարգավորող պահանջների պահպանումը և այլն։ Վերլուծվում են թե՛ առաջնային, թե՛ երկրորդային շուկաներում իրականացված գործունեության արդյունքները:
Մրցանակը ստանալուն նպաստել է Ամերիաբանկի MyInvest ներդրումային հարթակը, որը հասանելիություն է ապահովում միաժամանակ 30-ից ավելի միջազգային ֆինանսական շուկաների և 20,000-ից ավելի բաժնետոմսերի ու պարտատոմսերի: Այն բանկի հաճախորդներին հնարավորություն է ընձեռում իրականացնել բազմաթիվ գործարքներ, այդ թվում՝ պարտատոմսերի շուկայում, ցուցաբերել մեծ ակտիվություն և դրանով իսկ նպաստել բորսայի ակտիվության բարձրացմանը։
«Մեզ համար մեծ պատիվ է ստանալ այս հեղինակավոր մրցանակը։ Այն պարտատոմսերի շուկայում տարածաշրջանի մակարդակով ակտիվության համար տրվող մրցանակ է ու նշանակալի է ոչ միայն Ամերիաբանկի, այլև Հայաստանի կապիտալի շուկայի և տնտեսության համար»,- ասում է Ամերիաբանկի արտարժութային և բրոքերային գործառնությունների գծով համատնօրեն Դիանա Հակոբյանը` վստահ, որ այս մրցանակը նպաստելու է Հայաստանի կապիտալի շուկայի նկատմամբ վստահության և հետաքրքրության աճին թե՛ միջազգային, թե՛ տեղական ներդրողների կողմից:
«Այս մրցանակները բարձրացնում են ինչպես մրցանակակիր ընկերությունների, այնպես էլ ընդհանուր շուկաների ճանաչելիությունը։ Դրանք օգնում են մեզ ավելի լավ ճանաչել միմյանց՝ խթանելով համագործակցությունը և հետաքրքրությունը»,- նշեց Բուխարեստի ֆոնդային բորսայի նախագահ և Եվրո-ասիական կապիտալի շուկաների միության նախագահ Ռադու Հանգան։
ConFEAS 2025 հոբելյանական 30-րդ համաժողովն անցկացվեց Երևանում մայիսի 30-ից 31-ը։ Այն հյուրընկալեց ոլորտի շուրջ 300 առաջատար մասնագետի եվրասիական երկրների ֆոնդային բորսաներից, կենտրոնական դեպոզիտարիաներից, բանկերից, կարգավորող մարմիններից, ներդրումային ընկերություններից և միջազգային ֆինանսական հաստատություններից: