
Հաջորդ շաբաթ Բալթիկ ծովում նախատեսված՝ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի երկրների զորավարժությունները որոշակի փուլում կանցկացվեն միաժամանակ, ինչը կարող է սրել իրավիճակը։ Այս մասին հաղորդում է Bild թերթը։
Հունիսի 3-ին կսկսվեն ՆԱՏՕ-ի Baltops-2025 ռազմածովային զորավարժությունները, որոնք Բալթիկ ծովում անցկացվում են 1972 թվականից։ «Այս անգամ ՆԱՏՕ-ն միայնակ չի լինի», – նշել է թերթը՝ հիշեցնելով, որ երեքշաբթի օրվանից «Ռուսաստանը տարածաշրջանում իր զորավարժություններն անցկացնում է սովորականից մեկ ամիս շուտ»։ Դրանց մասնակցում է «ավելի քան 20 ռազմանավ։ Ռուսաստանի Դաշնության և ՆԱՏՕ-ի ուժերը կարող են վտանգավոր կերպով մոտենալ», – կարծում է թերթի սյունակագիրը։
«Բալթիկ ծովում տեղի ունեցողը սպառնում է վերաճել ավելի լուրջ սրացման»,- զգուշացրել է անվտանգության փորձագետ և Բոննի համալսարանի (CASSIS) վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող Մորից Բրակեն՝ նշելով, որ «հնարավոր են սադրանքներ»։
Իր հերթին, Կիլի համալսարանի ռազմածովային ռազմավարության և անվտանգության ամբիոնի վարիչ Յոհաննես Պետերսը կարծում է, որ Ռուսաստանի Դաշնությունը «մանևրներ է օգտագործում հակառակ կողմի հետախուզման և հսկողության համար»։ Մայիսի 27-ին Բալթյան նավատորմի (ԲՖ) մամուլի ծառայությունը հայտնեց, որ նավատորմն սկսել է զորավարժություններ՝ բազաների պաշտպանության համար՝ Հյուսիսային նավատորմի ուժերի մի մասի ներգրավմամբ՝ Ավիատիեզերական ուժերի, Մոսկվայի և Լենինգրադի ռազմական օկրուգների աջակցությամբ։