Իրանը համաձայն չէ ԱԷՄԳ-ի զեկույցում տեղ գտած գնահատականների հետ

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) զեկույցը չի արտացոլում գործակալության հետ Իրանի համագործակցության իրական մակարդակը, հայտարարել է Իրանի արտգործնախարարությունը։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը բարի կամքով շարունակում էր ԱԷՄԳ-ի հետ իր լայնամասշտաբ համագործակցությունը՝ ելնելով սկզբունքային մոտեցումից, որի հիմնքում ԱԷՄԳ-ի հետ կառուցողական համագործակցությունը, միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրում և Համապարփակ անվտանգության համաձայնագրում սահմանված իրավունքներն ու պարտավորություններն են։

ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին երկու անգամ այցելել է Թեհրան: Ցավոք, պատրաստված համապարփակ զեկույցում չի արտացոլված համագործակցության իրական մակարդակը, չնայած նշված է Իրանի հետ համագործակցության մասին,», — ասվում է Իրանի արտգործնախարարության Telegram ալիքում տարածված հայտարարության մեջ։

«Այս զեկույցում գլխավոր տնօրենը կրկնել է նախկինում արված կողմնակալ և անհիմն մեղադրանքները՝ լայնորեն օգտագործելով Իսրայելի ռեժիմի կողմից տրամադրված կեղծ փաստաթղթերը։

Գլխավոր տնօրենի զեկույցում ներկայացված մեղադրանքները հիմնված են վերջին տասնամյակների ընթացքում չհայտարարված գործունեության և վայրերի մասին մեղադրանքների վրա։ Թեև Իրանը բազմիցս հայտարարել է, որ չունի չհայտարարված միջուկային օբյեկտներ կամ գործունեություն։

Իրանը համագործակցել է ԱԷՄԳ-ի հետ՝ ապահովելով անհրաժեշտ պայմաններ ենթադրյալ վայրեր մուտք գործելու և նմուշներ վերցնելու համար, ինչպես նաև տրամադրել է մանրամասն տեղեկատվություն և բացատրություններ տարբեր դեպքերի վերաբերյալ՝ կապված ենթադրյալ վայրերի պատմության հետ », — ասված է ԱԳՆ-ի հայտարարության մեջ։

Արտգործնախարարությունը շեշտել է, որ Իրանը համաձայն չէ ԱԷՄԳ-ի գնահատականների հետ՝ նշելով, որ դրանք գերազանցում են գլխավոր տնօրենին վերապահված պարտականությունների շրջանակը և հակասում են միջազգային կազմակերպությունների մասնագիտական ​​պահանջներին, այդ թվում՝ անաչառության սկզբունքին։

Leave a Comment