
Ուկրաինան կիրակի օրը անօդաչու թռչող սարքերով խոշոր հարձակում է իրականացրել Ռուսաստանի մի շարք ռազմական օդանավակայանների վրա։ BBC-ի ուկրաինական ծառայությանը փոխանցած SBU-ի աղբյուրի համաձայն, թիրախ են դարձել «Օլենյա» (Մուրմանսկի մարզ), «Բելայա» (Իրկուտսկի մարզ), «Իվանովո» և «Դյագիլեվո» ավիաբազաները։ Հարձակման արդյունքում վնասվել է ավելի քան 40 ռազմական օդանավ՝ ներառյալ A-50, Tu-95 և Tu-22 M3 մոդելները։
Անօդաչու սարքերը, ըստ տեղեկությունների, արձակվել են Ռուսաստանի ներսից՝ բեռնատարներից, ինչը հնարավոր է դարձրել համակարգերի տեղակայումը թիրախներին մոտ տարածքներում։ Իրկուտսկի մարզի նահանգապետ Իգոր Կոբզևը հաստատել է, որ հարձակումն իրականացվել է բեռնատարից, սա առաջին դեպքն է Սիբիրում։
Մուրմանսկի մարզի ղեկավար Անդրեյ Չիբիսն էլ հայտնել է հարվածների մասին՝ առանց հստակեցնելու վնասի ծավալը։
Սոցիալական ցանցերում տեսանյութեր են հրապարակվել, որոնցում երևում են հարձակումներն ուղեկցող կրակոցներն ու պայթյունները։ SBU-ի աղբյուրի համաձայն, գործողությունն անվանվել է «Վեբ» և այն ղեկավարվել է անձամբ հատուկ ծառայության ղեկավար Վասիլի Մալյուկի կողմից։
Ռուսաստանի իշխանությունները դեռ չեն մեկնաբանել վնասի չափը, սակայն պաշտոնապես հաստատել են հարվածները առնվազն երկու ռազմական շրջաններում։ Ոմանք արդեն բնութագրում են այս օրը որպես «սև օր ռուսական ավիացիայի համար»։