Reuters. Ուկրաինական պատվիրակությունը Ստամբուլի բանակցություններում խաղաղության հասնելու ճանապարհային քարտեզ կներկայացնի

Ուկրաինացի բանակցողները հունիսի 2-ին Ստամբուլում նախատեսված բանակցություններում ռուսաստանյան կողմին կներկայացնեն կայուն խաղաղ կարգավորման հասնելու առաջարկվող ճանապարհային քարտեզը, ասված է փաստաթղթի պատճենում, որը հայտնվել է Reuters-ի տրամադրության տակ։
Առաջարկվող «ճանապարհային քարտեզը» սկսվում է առնվազն 30 օր տևողությամբ կրակի լիակատար դադարեցումով, որին կհաջորդի յուրաքանչյուր կողմում պահվող բոլոր գերիների և Ռուսաստանի կողմից վերահսկվող տարածք տարված ուկրաինացի երեխաների վերադարձը, այնուհետև՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և ռուսաստանյան առաջնորդ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։
Ըստ պլանի, Մոսկվան և Կիևը՝ ԱՄՆ-ի և Եվրոպայի մասնակցությամբ, կաշխատեն այնպիսի պայմանների մշակման ուղղությամբ, որոնց հիման վրա նրանք կկարողանան պայմանավորվել իրենց երեք տարի տևած պատերազմի լիակատար դադարեցման շուրջ, որը Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր Եվրոպայում ամենախոշոր հակամարտությունն է։
Այս շաբաթվա սկզբին ուկրաինացի պաշտոնյաները հայտարարել են, որ իրենք ռուսաստանյան կողմին ուղարկել են խաղաղության համաձայնագրի նախագիծ՝ ստամբուլյան բանակցությունների նախաշեմին։
Խաղաղության համաձայնագրի ուկրաինական շրջանակային պայմանները, որոնք շարադրված են փաստաթղթում, որին ծանոթացել է Reuters գործակալությունը, մեծապես համընկնում են Կիևի կողմից նախկինում առաջ քաշված պայմաններին։
Դրանք ներառում են խաղաղության համաձայնագրի կնքումից հետո Ուկրաինայի ռազմական հզորության վրա սահմանափակումների բացակայություն, մոսկովյան զորքերի կողմից գրավված Ուկրաինայի տարածքների նկատմամբ Ռուսաստանի ինքնիշխանության միջազգային ճանաչման բացակայություն և Ուկրաինային ռեպարացիաների վճարում։
Փաստաթղթում նաև ասվում է, որ ճակատային գծի ներկայիս դիրքը կդառնա տարածքների շուրջ բանակցությունների մեկնարկային կետ։
Ինչպես նշում է լրատվամիջոցը, այս պայմանները զգալիորեն տարբերվում են այն պահանջներից, որոնք Ռուսաստանը հրապարակավ առաջ էր քաշել վերջին մի քանի շաբաթների ընթացքում։

Leave a Comment