Դոնալդ Թրամփի վարչակազմից հերքում են․ Սպիտակ տունը տեղյակ չի եղել Ուկրաինայի պլանների մասին

Քաղաքականություն

01.06.2025 | 20:40

Դոնալդ Թրամփի վարչակազմը չէր տեղեկացվել Ուկրաինայի կողմից ռուսական օդանավակայանների վրա սպասվող հարձակման մասին։ Այս մասին հայտնել են Սպիտակ տան ներկայացուցիչները CBS News-ին՝ միաժամանակ հրաժարվելով մեկնաբանել տեղի ունեցածը։

Հիշեցնենք՝ Axios-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Ուկրաինան նախապես տեղեկացրել է Թրամփի վարչակազմին հարձակման մասին։ Ավելի ուշ պարբերականը խմբագրել է իր ավելի վաղ հրապարակված նյութը, որտեղ նշվում էր, թե Կիևը իբր նախօրոք տեղյակ էր պահել Վաշինգտոնին։

Ըստ ընդդիմադիր ռուսական լրատվամիջոցների՝ արբանյակային տվյալների համաձայն, «Օլենյա» օդանավակայանում տեղակայված բոլոր ռազմավարական Ту-95 ռմբակոծիչները ամբողջությամբ ոչնչացվել են։ Դրանց մի մասը արդեն զինված էր X-101 հրթիռներով և պատրաստ էր թռիչքի։

Այնտեղ տեղակայված էր 11 Ту-95՝ ՌԴ-ի ունեցած ընդհանուր 56-ից (որից 45-ը՝ աշխատանքային վիճակում, մնացածը՝ վերանորոգման)։ Տվյալները վերջնկանա չեն, դրանք ճշգրտվում են։

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Ուկրաինայի անվտանգության ծառայությունը այսօր՝ հունիսի 1-ին, լայնածավալ գործողություն է իրականացնում՝ ուղղված ռուսական ռազմական ինքնաթիռների ոչնչացմանը:

Ըստ УНИАН գործակալության, ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակմանն են ենթարկվել Մուրմանսկի մարզի «Օլենյա» և Իրկուտսկի մարզի «Բելայա» օդանավակայանները։

Leave a Comment