Ինչու ԶՊՄԿ-ն 2025-ին չի ընդգրկվել 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում. ՊԵԿ նախագահը պարզաբանել է


«2024 թվականի արդյունքներով՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն ունեցել է իրացումների նվազում 2023 թվականի համեմատությամբ: Այդ պատճառով 2025 թվականի վճարման ենթակա ռոյալթին նվազել է»:

Այս մասին Ազգային ժողովում 2024-ի պետբյուջեի կատարողականի նախնական քննարկումների ժամանակ հայտնել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե չի եղել դեպք, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ընդգրկված չլինի, մինչդեռ 2025-ի ցանկում բացակայում է:

ՊԵԿ նախագահը պարզաբանել է՝ խնդիրն այն է, որ կոմբինատի կողմից նախորդիվ վճարման ենթակա հարկից ավելի հարկ է վճարվել պետբյուջե:

«Քանի որ 2024 թվականին վճարվել էր ավելի մեծ կանխավճար, դրա մասն առաջին եռամսյակում վերադարձվել է: Այսինքն՝ ավելի շատ է վճարել կանխավճար, առաջին մասը վերադարձվել է: Խոսքը մոտավորապես 22-23 միլիարդի մասին է, որ մեկանգամյա գործարքի արդյունքում վերադարձվել է: Այս 22-23 միլիարդի վերադարձի պատճառով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը միանգամից դուրս է եկել 1000 խոշոր հարկ վճարողների ցանկից:

Բայց դա դեռևս չի նշանակում, որ հաջորդ եռամսյակին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը չի հայտնվելու 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում»,- մանրամասնել է Հակոբյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

185 դիտում

Leave a Comment