Հայաստանի Հանրապետությունում բացահայտ կերպով ահաբեկչություն է ծրագրվում՝ պետական մակարդակով, հայտարարել է Մայր Աթոռի ձեռագրատան, արխիվի և թանգարանների տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի Հանրապետությունում բացահայտ կերպով ահաբեկչություն է ծրագրվում՝ պետական մակարդակով, հայտարարել է Մայր Աթոռի ձեռագրատան, արխիվի և թանգարանների տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը։
Հունիսի 9–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Գարեգին Բ–ն խախտել է իր իսկ կողմից կամավորությամբ ստանձնած կուսակրոնության ուխտը և զավակ ունի։
«Սա փաստ է և եթե Գարեգին Բ–ն փորձի հերքել, անհրաժեշտ ձևաչափով դա կապացուցեմ։ Ըստ այսմ, համաձայն Հայ Առաքելական Եկեղեցու Կանոնագրքի, Գարեգին Բ–ն չէր կարող լինել եպիսկոպոս, արքեպիսկոպոս, չէր կարող ընտրվել և չի կարող լինել Կաթողիկոս․ Կտրիճ Ներսիսյանը պետք է ազատի Վեհարանը։
Որպես Հայ Առաքելական Եկեղեցու հավատավոր հետեւորդ, որպես մարդ, ով խանդաղատանքով է վերաբերվում մեր հոգեւոր ժառանգության ամեն արժեքի, ամեն մասունքի, ամեն պատկերի ու քարի, արձանագրում եմ․ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին պետք է ունենա նորընտիր Կաթողիկոս, ում բարեվարքությունը կաթողիկոսական ընտրություններից առաջ ստուգված եւ հաստատված կլինի», – նշել է Փաշինյանը։
«Ո՞ւր եք Երկրի համապատասխան կառույցներ, որտե՞ղ եք պետական ներկա ու նախկին գործիչներ, պատգամավորներ և մնացյալ հանգամանավոր անձեր… Մի՞թե այդքան կույր եք և այդքան խուլ: Մի՞թե այդքան նվաստ եք, այդքան վաճառված հոգիներ, որ Ձեր նենգ խաղերի սլաքներն ուղղում եք Սուրբ Եկեղեցուն և Սրբություն Սրբոց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին: Ինչ է, ժողովրդին բախմա՞ն եք տանում: Սուրբ Եկեղեցու բակն արյա՞մբ եք ուզում լցնել…», – գրել է Կարապետյանը Facebook–յան իր էջում։
Նա կոչ է արել կանգ առնել։
«Լսեցեք և կանգ առեք, ապիկարներ, ոչ մի եկեղեցական՝ ամենախոնարհ սպասավորից մինչև բարձրաստիճան, երբեք ձեզ թույլ չի տա պիղծ ձեռքերով ու անձերով Սուրբ Էջմիածնի և նրա Ազգընտիր ու Աստվածարյալ Հայրապետի վրա սուր բարձրացնել:
Հայոց Եկեղեցում հուդաներ չկան, որ վաճառվեն և Տիրոջ Օծյալի դեմ ամբոխի ուղեկցեն: Հայոց Եկեղեցում ամեն մի սպասավոր առաքյալ է՝ պատրաստ նահատակվելու», – գրել է քահանան։