ԱՄՆ-ի և Իրանի միջև Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի կնքումը անմիջական դրական ազդեցություն կունենա Մերձավոր Արևելքի տարածաշրջանում խաղաղության գործընթացի վրա։ Այս մասին հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին՝ ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի անդամների առջև ունեցած ելույթում։
«Ես համոզված եմ, որ առաջ շարժվելու միակ ճանապարհը դիվանագիտական լուծումն է, որը կաջակցվի ՄԱԳԱՏԷ -ի ստուգման մեխանիզմով։ Ես շարունակելու եմ աջակցել և խրախուսել Միացյալ Նահանգներին և Իրանին չխնայել ջանքեր, ցուցաբերել իմաստություն և քաղաքական քաջություն՝ այս հարցը հաջողությամբ լուծելու համար։ Իրանում միջուկային ծրագրի առումով իրավիճակի կայունացումը անմիջական ազդեցություն կունենա և Մերձավոր Արևելքը մեկ մեծ քայլով կմոտեցնի խաղաղությանը և բարգավաճմանը», – Գրոսիի խոսքերն է մեջբերում ՄԱԳԱՏԷ-ի մամուլի ծառայությունը։