
Գարեգին Երկրորդն այլևս Ամենայն Հայոց կաթողիկոս չէ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար, Կտրիճ Ներսիսյանը պետք է ազատի Վեհարանը. Վեհափառին ուղղված՝ «զավակ ունե՞ք» անպատասխան հարցից հետո Փաշինյանը նրան է դիմում աշխարհիկ անուն-ազգանունով.
«Գարեգին Բ-ն խախտել է իր իսկ կողմից կամավորությամբ ստանձնած կուսակրոնության ուխտը և զավակ ունի: Սա փաստ է, և եթե Գարեգին Բ-ն փորձի հերքել, անհրաժեշտ ձևաչափով դա կապացուցեմ: Ըստ այսմ, համաձայն Հայ Առաքելական Եկեղեցու Կանոնագրքի, Գարեգին Բ-ն չէր կարող լինել եպիսկոպոս, արքեպիսկոպոս, չէր կարող ընտրվել և չի կարող լինել Կաթողիկոս: Կտրիճ Ներսիսյանը պետք է ազատի Վեհարանը»:
Նիկոլ Փաշինյանը 11-րդ օրն է շարունակում է հակակաթողիկոսական արշավը,
այժմ արդեն հստակ պնդմամբ՝ եկեղեցին պետք է ունենան նոր կաթողիկոս, որի բարեվարքությունը ստուգված կլինի ընտրություններից առաջ: Սրան հասնելու համար վարչապետը կոչ է անում հավատավորներին.
«Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր հետևորդներին կոչ եմ անում համախմբվել Վեհարանը սիրով և քրիստոնեաբար ազատելու և որևէ իրապես սրբազան հոգևորականի Ամենայն Հայոց Կաթողիկոս ընտրելու օրակարգի շուրջ»:
Վեհարանը սիրով և քրիստոնեաբար ազատելու քայլեր Փաշինյանը դեռ չի շարադրել, չի պատմել նաև, թե ի՞նչ ճանապարհով է իրեն հայտնի դարձել, թե կաթողիկոսը զավակ ունի:
Մայր Աթոռից արդեն հոգևորականներ են արձագանքում՝ լայնածավալ պատերազմական գործողություններին հակահարվածի տրամադրվածությամբ: «Ժողովրդին բախմա՞ն եք տանում, Սուրբ Եկեղեցու բա՞կն եք արյամբ ուզում լցնել», – գրում է Ասողիկ աբեղա Կարապետյանը:- «Հայաստանի Հանրապետությունում բացահայտ կերպով ահաբեկչություն է ծրագրվում՝ պետական մակարդակով: Ո՞ւր եք, երկրի համապատասխան կառույցներ, որտե՞ղ եք, պետական ներկա ու նախկին գործիչներ, պատգամավորներ և մնացյալ հանգամանավոր անձեր, մի՞թե այդքան կույր եք և այդքան խուլ»:
Տեր Ասողիկ աբեղան շեշտում է՝ ոչ մի եկեղեցական թույլ չի տա, որ պիղծ անձերը ազգընտիր Հայրապետի վրա սուր բարձրացնեն, նաև ակնարկում է, որ չկա մի սրբազան, որ կհամաձայնի Գարեգին Երկրորդի փոխարեն կաթողիկոսի գահին հավակնել. – «Հայոց եկեղեցում հուդաներ չկան, որ վաճառվեն և Տիրոջ Օծյալի դեմ ամբոխի ուղեկցեն: Հայոց եկեղեցում ամեն մի սպասավոր առաքյալ է՝ պատրաստ նահատակվելու»:
Արքեպիսկոպոս Աջապահյանը պնդում է՝ այն, ինչ իշխանությունն անում է, Աստծո կամքի դեմ է. – «Ձեզ տրված չի դատելու իրեն, իր դատավորը Աստված է:
Դուք Աստծո տեղ եք դրել ձե՞զ»:
«Մենք մեղավորներ ենք, այո, և Աստված է այդպես որոշել, թե չէ հոգևորականների գործը իր հրեշտակներին կհանձնարարեր», – ասում է Միքայել սրբազանը. – «Քա՞նի անգամ ասենք՝ մենք սուրբեր չենք, եկեղեցին ղեկավարվում է անսուրբ մարդկանց կողմից, էդպես է կամեցել Աստված:
Իշխանության ու իրենց միջև վիհը խորանում է, դարձի գալու նշաններ չկան, արձանագրում է Շիրակի թեմի առաջնորդը: Չի բացառում, որ նորից ակցիաներ կսկսվեն Մայր Աթոռի տարածքում, ու անհանգիստ չէ:
«Դուք ուրեմն աննախադեպ ինչ-որ բան եկեղեցուն տեսնո՞ւմ եք: Ինչ-որ շարժ, բան, որ հոգևորականները չգիտեմ ինչ, բարիկադներ են սարքում, ինչ-որ, դիրքավորվում … Եկեղեցին հանգիստ շարունակում է իր առաքելությունը», – ընդգծեց Միքայել սրբազանը: