«Հայաստանում վտարանդի կառավարություն գոյություն չունի, Սամվել Շահրամանյանը բացառապես շարունակում է պաշտպանել Արցախի Հանրապետության ու Արցախի ժողովրդի շահերը»,- ՔԿ-ում Արցախի՝ լիազորություններն ավարտված նախագահ Սամվել Շահրամանյանի հերթական հարցաքննությունից հետո լրագրողներին ասաց փաստաբան Ռոման Երիցյանը։
Նա ընդգծեց, որ Ս. Շահրամանյանի հայտարարությունները բխում են Արցախի ժողովրդի շահերից։
Հարցին՝ Ս. Շահրամանյանի նկատմամբ իրականացվողը քաղաքական հետապնդո՞ւմ է, փաստաբանն ասաց, որ այս վարույթի շրջանակներում չի կարող արձանագրել նման բան, կոնկրետ այս վարույթով Շահրամանյանն ունի վկայի կարգավիճակ։
«Այս վարույթի շրջանակներում ոչ թե ուզում են պարզել, թե ով է հանձնել Արցախը, ինձ, Հայաստանի ցանկացած բնակչի համար ավելի քան պարզ է, թե ով է հանձնել, այլ այս վարույթը վերաբերում է զինվորական անփութությանը, զենք-զինամթերք, ռազմամթերք թնամուն հանձնելուն»,- ասաց արցախցի փատաբանը։
Լրագրողի հարցին՝ ո՞ւմ է ակնարկում, ով է հանձնել Արցախը, Ռ.Երիցյանն ասաց. «Հայաստանի՝ այս պահի դրությամբ իշխանությունը գրաված ներկայացուցիներին, գործադիր իշխանության ղեկավարներին։ Ցանկացած արցախցի, արդեն նաև Հայաստանի բնակչի համար ավելի քան ակնհայտ է, որ Արցախը հանձնվել է Հայաստանի իշխանությունների դիտավորությամբ թե անփութությամբ, էական չէ, էականն այն է, որ նրանց գործողություններով»։