Madleen նավը, որ փորձել է ճեղքել Գազայի ծովային շրջափակումը և մարդասիրական օգնություն հասցնել, Իսրայելի բանակի կողմից «ուղեկցվել է» Աշդոդ նավահանգիստ: Այնտեղ գտնվող տասներկու ակտիվիստները կարտաքսվեն իրենց քաղաքացիության երկրներ: Այս մասին պաշտոնապես հայտարարել է հրեական պետության արտաքին գործերի նախարարությունը:
Թուրքական «Անադոլուն» միջադեպի առթիվ մանրամասնություններ է տարածել: Ըստ այդմ՝ նավի վրա են գտնվել Եվրախորհրդարանի պատգամավոր Ռիմա Հասանը, Գերմանիայի քաղաքացի Յասեմին Աջարը, թուրք ակտիվիստ Հյուսեյն Շայիբ Օրդուն, բրազիլիացի Տաիգո Ավիլան, իսպանացի Սերխիո Տորիբիոն, հոլանդացի Մարկո Վան Ռանեսը, ֆրանսիացիներ Բատիստ Անդրեն, Պասկալ Մարյերասը և Յանիս Մհամդին, շվեդուի Գրետա Գունբերգը և լրագրող Օմար Ֆայիադը:
Իսրայելի պաշտպանության նախարար Կացը հայտարարել է, որ նավի «բռնագրավման» հրամանը տվել է անձամբ, իսկ երբ օտարերկրացիները հասել են Աշդոդ, նրանց ներկայացվել է տեսագրություն, թե ինչպես են ՀԱՄԱՍ-ի գրոհայինները 2023 թվականի հոկտեմբերի 7-ին «դաժանագույն հաշվեհարդար տեսնում հրեա խաղաղ բնակիչների նկատմամբ»:
Կացը հիմնավորել է, որ Գազայի հատվածում մարդասիրական օգնություն ստացվում և միջազգային վերահսկողությամբ բաշխվում է խաղաղ բնակչությանը: Ինչ վերաբերում է նման նախաձեռնություններին, ապա Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականապես ասել է, որ բոլոր փորձերը կանխվելու են, հրեական պետությունը շարունակելու է «ոչնչացնել ահաբեկիչներին՝ մինչև բոլոր պատադներն ազատ չարձակվեն և կայունություն չհաստատվի»:
Madleen նավի հետ կապված իրավիճակը հիշեցնում է Թուրքիայի և Իսրայելի միջև ավելի քան տասնամյա վաղեմության ճգնաժամը, երբ իսրայելական բանակը «Մավի Մարմարա» թուրքական նավի անձնակազմի դեմ զենք էր գործադրել, ինչը Երուսաղեմի և Անկարայի հարաբերություններում լարվածության պատճառ դարձավ: Այս անգամ, սակայն, Իսրայելը գործ ունի միջազգային ակտիվիստների հետ: Այդ ակցիան ավելի շուտ Գազայում իրավիճակի շուրջ միջազգային ուշադրություն կենտրոնացնելու փորձ է:
Պաշտոնական Երուսաղեմը, սակայն, Գազային օգնության ցանկացած քայլ գնահատում է որպես «ահաբեկչությանն աջակցություն»: Իսրայելում ներքաղաքական իրավիճակը սրվում է: Ընդդիմության ներկայացուցիչներից «Մեր տուն Իսրայել» կուսակցության առաջնորդ Լիբերմանը վարչապետ Նաթանյահուին մեղադրել է ՀԱՄԱՍ-ին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մեջ: Ըստ Լիբերմանի, Նաթանյահուն փորձել է ՀԱՄԱՍ-ի միջոցով թուլացնել Պաղեստինի ինքնավարության առաջնորդ Մահմուդ Աբասին, բայց «դա ի սկզբանե ձախողված ծրագիր էր»:
Իսրայելի պաշտպանության նախարար Կացը վերջերս սուր քննադատության է ենթարկել Ֆրանսիայի նախագահ Մակրոնին: «Դուք կարող եք թղթով ճանաչել Պաղեստինի անկախությունը, իսկ մենք գետնի վրա կպատռենք այդ թուղթը»,- հայտարարել է Կացը՝ ի պատասխան Պաղեստինի անկախությունը ճանաչելու մասին Ֆրանսիայի նախագահի հայտարարությանը:
Madleen նավի վրա գտնված՝ Եվրախորհրդարանի պատգամավոր Ռիմա Հասանը Ֆրանսիայի քաղաքացի է, «Անադոլուի» ներկայացրած տեղեկություններով՝ այնտեղ են եղել Ֆրանսիայի ևս երեք քաղաքացիներ: Փաստը վկայում է, որ Իսրայելի հանդեպ դիրքորոշման հարցում նկատվում է թուրք-ֆրանսիական տեսակետների մերձեցում: Գազայի, իսրայելա-պաղեստինյան կարգավորման հարցում, սակայն, Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել Իսրայելին:
Ուշագրավ է, որ Գազա մարդասիրական օգնություն հասցնելու նախաձեռնությունը համընկնում է ՀԱՄԱՍ-ի հետ բանակցությունների չափազանց բարդ փուլին, որ նախաձեռնել է Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ուիթկոֆը: Ըստ տեղեկությունների, որևէ առաջընթաց չկա, ՀԱՄԱՍ-ը պնդում է, որ իսրահելցի պատանդների ազատ արձակման դիմաց պետք է հաստատվի ոչ թե ժամանակավոր, այլ վերջնական հրադադար, իսրայելական բանակը պետք է հեռանա Գազայից: Իսրայելի պաշտպանության նախարար Կացի հայտարարությունից հետևում է, որ Նաթանյահուի կառավարությունը որոշել է ամբողջությամբ գրավել Գազան: Այդ ծրագիրը կարող է կասկածի տակ դնել ԱՄՆ-ի և Պարսից ծոցի արաբական միապետությունների համագործակցությունը: Այդ դեպքում Մերձավոր Արևելքում ճգնաժամը կխորանա՝ սպառնալով տարածվել այլ տարածաշրջաններ, այդ թվում՝ Հարավային Կովկաս: