Այս պահին Սամվել Շահրամանյանին մեղադրանք առաջադրելու հիմքեր չկան․ փաստաբան

Այս պահի դրությամբ քննիչն Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին մեղադրանք առաջադրելու հիմքեր չկան, լրագրողներին հայտնել է Շահրամանյանի փաստաբան Ռոման Երիցյանը։

Նա տեղեկացրել է, որ Շահրամանյանին հունիսի 9-ին հարցաքննության են կանչել թշնամուն զենք-զինամթերք հանձնելու վարույթի շրջանակում, և հարցաքննությունը տևել է ավելի քան 4 ժամ։ Փաստաբանը միևնույն ժամանակ տեղեկացրել է, որ որևէ դիտավորություն և քաղաքական ենթատեքստ չի տեսնում Շահրամանյանին անընդհատ հարցաքննություն կանչելու մեջ։

«Ինտենսիվ հարցաքննությունները պայմանավորված են բացառապես վարույթի ծավալով»,- հավելել է նա։

Հունիսի 4-ին Երիցյանը փոխանցել էր, որ Շահրամանյանը հարցաքննվում է թշնամուն զենք-զինամթերք հանձնելու գործի շրջանակում՝ վկայի կարգավիճակով։ Փաստաբանն առանց մանրամասների նշել էր, որ գործը հարուցվել է Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի հրապարակային արված հայտարարության հիման վրա։ Շահրամանյանի դեմ քրեական վարույթ էր նախաձեռնվել 2024-ին՝ կապված ծառայողական մեքենան ՀՀ կառավարությանը չհանձնելու հետ։

Leave a Comment