Կրեմլը մեկնաբանել է Դնեպրոպետրովսկի ուղղությամբ հարձակումը

Քաղաքականություն

09.06.2025 | 17:09

Դնեպրոպետրովսկի մարզում ռուսական հարձակումն իրականացվում է, այդ թվում, Ուկրաինայում «անվտանգության գոտի» ստեղծելու համար, ինչպես խոստացել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, որն անհրաժեշտ է ՌԴ սահմանները պաշտպանելու համար։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։

Նա հավելել է՝ ռազմական գործողությունների նրբությունների մասին պետք է հարցնել ՊՆ-ին։

Նախօրեին ՌԴ ՊՆ-ն հայտարարել էր, թե «Կենտրոն» զորախմբի 90-րդ տանկային դիվիզիայի ստորաբաժանումները հասել են Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության արևմտյան սահման և շարունակում են հարձակողական գործողությունները Դնեպրոպետրովսկի մարզի տարածքում։

Ուկրաինական զինված ուժերի հրամանատարությունը հերքել էր Ռուսաստանի ՊՆ-ի հայտարարությունը, որ ռուսական բանակը հարձակում է իրականացնում Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզում։

«Տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Դոնեցկի մարզում մարտական ​​գործողությունները շարունակվում են։ Թշնամին չի մտել Դնեպրոպետրովսկի մարզ»,- ասել էր Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբի ներկայացուցիչ Անդրեյ Կովալյովը։

Միևնույն ժամանակ, Հարավային պաշտպանության ուժերը հայտարարություն էին տարածել, որ Ռուսաստանը չի հրաժարվել Դնեպրոպետրովսկի մարզ մտնելու մտադրություններից, սակայն ուկրաինական բանակը «քաջաբար և պրոֆեսիոնալ կերպով պահպանում է ռազմաճակատի իր հատվածը՝ խափանելով օկուպանտի ծրագրերը»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a Comment