Ճամբարակի որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավված են շուրջ 230 փրկարար ծառայող և ոստիկան


Ճամբարակի Տիգրան Մեծի փողոցի 4-րդ շենքում տեղի ունեցած գազի պայթյունի կապակցությամբ Ներքին գործերի ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունները համատեղ իրականացնում են իրավիճակից բխող անհրաժեշտ գործողություններ։

725.jpg (1.28 MB)

Այս մասին հայտնում են ՆԳ նախարարությունից՝ նշելով, որ միջգերատեչական մակարդակով, մարզային և համայնքային իշխանությունների ներգրավմամբ, աշխատանքներ են տարվում տարբեր, այդ թվում՝ շենքի բնակիչների կարիքների գնահատման, անհրաժեշտ դեղորայքի, սննդի, կարիքն առաջանալու դեպքում կացարանով ապահովելու, պատահարի հետևանքների չեզոքացման և այլ առաջնային ուղղություններով։

726.jpg (1.14 MB)

Տեղում որոնողափրկարարական աշխատանքները, որոնց ներգրավված են շուրջ 230 փրկարարական ծառայողներ և ոստիկաններ, ղեկավարում է Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը։

Որոնողափրկարարական միջոցառումները ինտենսիվորեն շարունակվում են։

Առողջապահության նախարարությունն ավելի վաղ հայտնել է, որ Ճամբարակում առավոտյան տեղի ունեցած պայթյունի հետևանքով ընդհանուր առմամբ հոսպիտալացվել է 11 տուժած:

Ինչպես հայտնել ենք, կա 3 զոհ, որոնք կանայք են: Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունը եղել է գազի հետևանքով: 

Կան բնակիչներ, որոնց հետ կապ հաստատել չի հաջողվում, նրանք որոնվում են:

Ըստ նախնական տվյալների՝ Տիգրան Մեծ փողոցի շենքերից մեկում տեղի է ունեցել գազի պայթյուն փլուզումով. այն եղել է շենքի երրորդ հարկի բնակարաններից մեկում. փլուզվել են 4-րդ, 3-րդ և 2-րդ հարկի բնակարանները։ Մասամբ փլուզվել են կից մուտքի բնակարաններ։  

Ավելի վաղ հայտնել էինք, որ ժամը 08։34-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ քաղաքի շենքերի մեկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։   

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

67 դիտում

Leave a Comment