
Եվրոպական միությունն ու Հայաստանը երբեք այսքան մերձ չեն եղել, որքան հիմա, և մենք պատրաստ ենք խորացնելու մեր գործընկերությունը, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ասաց ԵՄ բարձր հանձնակատար Կայա Կալլասը։
Արարատ Միրզոյանը համաձայնեց Կալլասի այս հայտարարության հետ՝ հավելելով, որ մեկնարկել է ՀՀ-ԵՄ անվտանգության և պաշտպանության ոլորտներում համագործակցությունը։
Կալլասը և Միրզոյանը ասուլիսին նախորդած հանդիպմանը, ինչպես հայտնեցին, քննարկել են նաև հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը:
«Ոգևորված ենք Հայաստանի ու Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացով», – ասաց նա, – «Մենք աջակցում ենք երկու երկրների միջև կարգավորմանը՝ հիմք ընդունելով ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն և սահմանների անխախտելիության սկզբունքները, այլընտրանք չկա այս սկզբունքներին»:
Ըստ նրա՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը կարող է ճանապարհ հարթել տարածաշրջանում տևական խաղաղության համար։
Արտգործնախարար Միզոյանն իր հերթին վերահաստատեց Երևանի պատրաստակամությունը՝ Բաքվի հետ ստորագրելու խաղաղության պայմանագիրը: