ՀՀ-ի և ԵՄ-ի միջև ԵՄ ճգնաժամային կառավարման գործողություններում ՀՀ մասնակցության շրջանակը սահմանելու համաձայնագիրն է ստորագրվել այսօր Երևանում, այս մասին Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի հետ համատեղ մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Սա ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի ընդլայնման երկուստեք արտահայտված պատրաստակամության վառ օրինակ է, որն ի ցույց է դնում գլոբալ անվտանգության, աշխարհում կայունության և խաղաղության հաստատման գործում կառուցողական ներդրում ունենալու Հայաստանի ձգտումը»,-ասաց Միրզոյանը։
Բացի այդ, արտգործնախարարը հայտնեց, որ համատեղ տրվել է ՀՀ-ԵՄ անվտանգության և պաշտպանության ոլորտներում խորհրդակցությունների մեկնարկը։
«Սա վճռորոշ քայլ է՝ մեր համագործակցության շրջանակը համապատասխանեցնելու ժամանակակից մարտահրավերներին և գործադրելու դրանց հաղթահարման լրացուցիչ ջանքեր»,-նշեց Արարատ Միրզոյանը։
ՀՀ-ն և ԵՄ-ն ավարտել են գործընկերության նոր օրակարգի շուրջ բանակցությունները։
«Սա հավակնոտ փաստաթուղթ է, որը համագործակցության նոր ուղղություններով է համալրելու և առավել խորացնելու ՀՀ-ԵՄ երկկողմ օրակարգը»։
ԱԳ նախարարի գնահատմամբ՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունները երբեք այսքան ընդգրկուն և սերտ չեն եղել։