Էդգար Ղազարյան. «Երկու արքեպիսկոպոս մեկ շաբաթում կալանավորել է նույն դատավորը, որը դատավորի պաշտոնը զբաղեցնելուց առաջ եղել է Արամ Սարգսյանի կուսակցության անդամ»

«Որպեսզի այս ամբողջ եղելությունը գնահատելը ճիշտ լինի, ուզում եմ ժողովրդին տեղեկացնել, որ այս պահին բանտում են, ու պարզվում է՝ նույն բանտախցում, Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու երկու արքեպիսկոպոսներ: Արքեպիսկոպոսը եկեղեցու՝ Վեհափառին նախորդող ամենաբարձր եկեղեցական աստիճանն է, որին շատ քչերը կարող են հասնել: Այսինքն, դրա համար պետք է կրթություն, երկարամյա ծառայություն, եկեղեցում ունեցած հարգանք»,-ասաց ՀՀ արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար, «Արթուն ենք» շարժման գործիչ Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբում:

«Այսինքն, երկու արքեպիսկոպոս մեկ շաբաթվա ընթացքում կալանավորվել են նույն դատավորի կողմից: Դատավոր, որը դատավորի պաշտոնը զբաղեցնելուց առաջ եղել է քաղաքական գործիչ Արամ Սարգսյանի, կուսակցության անդամ:

Երկու սրբազաններն էլ Բարձրագույն Հոգեւոր Խորհրդի անդամ են: Հայաստանյայց Առաքելական եկեղեցում ոչ բոլոր եպիսկոպոսներն ու արքեպիսկոպոսներն են, որոնք ընդգրկված են Բարձրագույն Հոգեւոր Խորհրդում…  Ընդ որում, երկուսն էլ բացարձակ անմեղ: Այսինքն, որեւէ հանցանք, որեւէ գործողություն, որը թեկուզ մի նշույլ անգամ հանցանքի տարրեր է պարունակում, չկա»,-ասաց Էդգար Ղազարյանը եւ առանձին-առանձին ներկայացրեց, թե ինչ է տեղի ունեցել:

«Բագրատ սրբազանի եւ նրա հետ 15 հոգու ձերբակալություն, որից 14-ը կալանավորված է, մի քանի տասնյակ մարդկանց, այդ թվում՝ մերոնց տան խուզարկություն, որոնց տներում ոչինչ չեն հայտնաբերել: Բայց մարդ կա, որի տանը խուզարկությամբ գիտե՞ք ինչ են հայտնաբերել… Երեւան քաղաքի քարտեզ: Ու պատկերացնո՞ւմ եք, սա Քննչական կոմիտեի հայտարարությունում է ասվում: Գիտե՞ք էլ ինչ է հայտնաբերվել, որի մասին հրապարակվել է: «Խլապուշկաներ», որ երեխաների ծնունդին տորթը փչելիս են օգտագործում: Երկու հատ էլ դրանից է հայտնաբերվել: Խուզարկությամբ հայտնաբերվել է նաեւ մանիշակագույն «ծուխ»՝ 60 հատ: Այդ «ծուխը» ոչ արգելված է, ոչ թույլտվություն է պետք դրա համար, ոչ լիցենզիա: Դրանից ծախում են «Փեթակում»: Դրանով հեղաշրջո՞ւմ են անում: Մինչեւ հիմա էլ, տեսած կլինենք, Սրբազանի հանրահավաքներին մանիշակագույն ծուխ բաց են թողնում: Մեկ էլ հայտնաբերել են օրինական երկու հրացան: Հայաստանում կա 24 հազար որսորդ, որն ունի որսորդական հրացան, այդ հրացանն էլ ունենում է թույլտվություն…

Ու այս ամբողջ գործողությունների հիմքը եղել է ընդամենը մեկ օր առաջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը պատկանող լրատվամիջոցում, որ կոչվում է civic.am, հրապարակված «իշխանափոխության» հինգ էջանոց ինչ-որ մի «պլան», որը ոչ հեղինակ ունի, ոչ վերնագիր:

Զանգվածային կերպով այս ձերբակալությունները կազմակերպել են, իբրեւ հեղաշրջում են կանխել»,-ասաց Էդգար Ղազարյանը ու նկարագրեց Միքայել սրբազանի ձերբակալության պատմությունը:

«Հայտարարությունը՝ իբրեւ թե «բռնության կոչ», ինչի համար, որ իրեն ձերբակալել են, Միքայել սրբազանը հարցազրույցում արել է 2023 թվականի սեպտեմբերի 26-ին: Այսինքն, եթե դա այդպես է, պետք է նրա հետեւից նույն օրը գնային: Դրանից յոթ ամիս հետո՝ 2024 թվականի ապրիլի 25-ին, Դանիել Իոաննիսյանը այդ հարցազրույցի համար հաղորդում է տվել դատախազություն: Ասում է՝ դուք չեք նկատել՝ հիմա իմացեք, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը այսինչ օրը հայտարարել է իշխանության բռնի տապալման մասին: Ու դատախազությունը 2024 թվականի ապրիլի 30-ին պաշտոնական գրությամբ պատասխանել է. «Պարզվել է, որ դրանք չեն պարունակում հաղորդակցության տեխնոլոգիաների օգտագործելով իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր: Հաղորդման կապակցությամբ քրեական վարույթ չի նախաձեռնվում»: Այսինքն, ինչի համար, որ իրենք այսօր բռնել են Սրբազանին, նույն իրենք 2024 թվին ասել են, որ դա հանցակազմ չի պարունակում: Ու սա դատախազության պաշտոնական գրությունն է:

Դրանից հետո անցնում է եւս երկու տարի՝ գալիս է 2025 թիվը, սկսվում է կաթողիկոսի դեմ արշավը: Ու գնում, ձերբակալում են Բագրատ սրբազանին, դրանից երկու օր հետո էլ քննիչը որոշում է կայացնում ձերբակալել Միքայել Սրբազանին»,-ասաց Էդգար Ղազարյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment