Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, խոսելով ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության մասին, հայտարարել է, որ սա պետության ինքնիշխան որոշումն է։
«Սա Հայաստանի բացարձակապես ինքնիշխան որոշումն է։ ՀԱՊԿ-ին անդամակցությունը որոշակի օգուտներ է բերում Հայաստանին: ՀԱՊԿ-ը կազմակերպություն է, որը վերջին ժամանակներում բազմիցս ցույց է տվել իր արդյունավետությունը: Եվ, հավանաբար, այն դեպքերը, երբ ՀԱՊԿ-ն ցույց է տվել իր արդյունավետությունը, ցույց են տալիս, որ երկրների շահերից է բխում շարունակել այս տեսակի փոխգործակցությունն ու համագործակցությունը», – լրագրողներին ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության մասին հարցը:
Նա նաև նշել է, որ Ռուսաստանը ելնում է այն փաստից, որ Հայաստանը դուրս չի եկել կազմակերպությունից։
«Ինչ վերաբերում է մասնակցության կասեցմանը կամ վերսկսմանը, մենք կրկին կուսումնասիրենք, թե ինչպես են որոշումները կայացվում Երևանում», – հավելել է Պեսկովը։