Աջապահյանը դուռը շրխկացրել է ընդդիմության դեմքին, նրան վարչապետի թեկնածու առաջարկելը ՀՀ-ի հակագովազդն է. Ազատ Արշակյան

«Այսպիսի ակցիայի համար պետք է նախօրոք պայմանավորվածություններ, քաղաքական ծրագիր ունենալ, քաղաքական գործիչ նշանակում է քաղաքական ծրագիր ունեցող, երկրի զարգացումը կարգավորող, պլանավորող: Աջապահյանը Եկեղեցու սպասավոր է, նա դուռը շրխկացրել է նրանց դեմքին»,- Zarkerak.am‑ի հետ զրույցում անդրադառնալով ԱԺ պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի նախաձեռնությանը, որով առաջարկել են վարչապետի թեկնածու դառնալ Միքայել Աջապահյանին՝ ասաց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ Ազատ Արշակյանը:

Արշակյանի խոսքով՝ քաղաքականությամբ զբաղվում են քաղաքականությունից հեռու մարդիկ: Անդրադառնալով նաև այն փաստին, որ այս նախաձեռնությանն աջակցել են նաև ԱԺ-ի երկու ընդդիմադիր խմբակցությունները՝ Արշակյանը նշեց. «Թեկնածուի առաջադրումը գրավոր է եղել, պատասխանն էլ է գրավոր եղել, դրանք պետք է հատուկ շրջանակի մեջ դնել ու կպցնել ԱԺ-ի պատից: Եթե որևէ մեկն ուզում է վարկաբեկել հայկական պետությունը, ուրեմն այսպիսի ակցիա պետք է ձեռնարկի: Սա հայկական պետականության հակագովազդն է, նշանակում է ԱԺ-ում կան մարդիկ, որոնք տարրական քաղաքական կուլտուրա չունեն՝ և՛ առաջադրողները, և՛ միացողները: Այս դեպքում միակ դրականը, պարզվում է, որ արքեպիսկոպոսն է, հետաքրքիր է, որ իրենց միջից քրեական գործերում կասկածյալն է պատասխանատուն, հասկացել է, որ դա իր գործը չէ, Աջապահյանը ոչ միայն ասել է, որ հրաժարվում է այդ ծրագրից, նա ասել է՝ դա ձեր գործը չէ, գնացեք ձեր գործով զբաղվեք, դուք քաղաքականությունով զբաղվելու իրավունք չունեք»:

Ազատ Արշակյանը նաև նկատեց, որ ԱԺ-ի ընդդիմադիր խմբակցությունները քաղաքական գործիչներ չեն, նրանք ՀՀ-ի դեմ դեսանտ են. «Նրանք այստեղ քայքայիչ գործողությամբ են զբաղված, բայց ձախողվում են, օրինակ՝ այս հարցում նրանք ձախողվեցին, հիմա պետք է պատասխան տան իրենց գործատուի առաջ: Ինչպես շրջաբերականը գալիս է՝ նրանք կատարում են, նրանք համախմբվում են, երբ շրջաբերականում գրված է համախմբվել, երբ շրջաբերականում գրված է՝ աջից, ձախից հարձակվել Հայաստանի վրա՝ հարձակվում են, նրանք ինքնուրույն վճիռներ չեն կայացնում: Երբ ինքնուրույն վճիռներ են կայացնում՝ այսպիսինն է լինում, դա ինքնագործունեություն է և ոչ պրոֆեսիոնալիզմի դրսևորում: Նրանք ծառա են, զինվորական կարգապահությամբ կատարում են եկած հրահանգները: Հայկական պետության թշնամիները նրանց հրահանգում են, նրանք էլ կատարում են»:

Մեր այն հարցին, թե ինչպես կարող է եկեղեցականը դառնալ վարչապետ՝ Արշակյանը նշեց. «Մի քանի երկրում հոգևորական առաջնորդներ եղել են, բայց ՀՀ ղեկավարը չի կարող հոգևորական լինել՝ տեխնիկական պատճառներով, որովհետև մեր Եկեղեցու սպասավորները սահմանափակ իրավունքներ ունեն: Բարձր աստիճան զբաղեցնող հոգևորականը կամավոր սահմանափակել է իր ազատությունը, իր հարաբերությունները հասարակության հետ»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ

Leave a Comment