ԿԳՄՍ նախարարը Հայ մշակութային և գիտական ընկերակցության համաժողովին ներկայացրել է Հայաստանում կրթության ոլորտի բարեփոխումները

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի մասնաճյուղում մասնակցել է Հայ մշակութային և գիտական ընկերակցության (ASOF) չորրորդ ամենամյա համաժողովին՝ ներկայացնելով Հայաստանում կրթության ոլորտի բարեփոխումները:

Ժաննա Անդրեասյանը կարևորել է նմանօրինակ հարթակների ձևավորումը՝ կրթական համակարգում առկա խնդիրների բարձրաձայնման, տարբեր տեսակետների փոխանակման և համագործակցության խթանման առումով։ Նախարարը նշել է, որ Հայաստանի կրթական համակարգը գտնվում է ակտիվ բարեփոխումների փուլում, սակայն այդ գործընթացը լի է բազմաշերտ մարտահրավերներով:

«Հաճախ ամենատարբեր թեմաներով քննարկումները եզրափակվում են այն գաղափարով, որ ամեն ինչ սկսվում է կրթությունից, և մեր ամենատարբեր խնդիրների հիմքում ընկած է կրթական համակարգը: Սա մեծ պատասխանատվություն է, նաև մեծ խթան՝ փոփոխություն իրականացնելու և բարեփոխումների օրակարգն առաջ մղելու առումով: Բարեփոխումները բարդ գործընթացներ են՝ ցանկացած ժամանակահատվածում և ցանկացած երկրում: Այդուհանդերձ, փոփոխություններն այլընտրանք չունեն, և դրական արդյունքների ապահովման համար շատ կարևոր են կրթության ոլորտում իրականացվող ներդրումները»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ ավելացնելով, որ առանց համապատասխան միջոցների ամենակարևոր և գեղեցիկ գաղափարները կմնան անկատար։

Նախարարն ընդգծել է՝ կորոնավիրուսի համավարակի շրջանում, երբ մի շարք երկրներում կրթության ոլորտին ուղղվող ֆինանսավորումը նվազել է, Հայաստանում կրթական բարեփոխումների իրականացման գործընթացը ոչ մի րոպե կանգ չի առել: Անկախ բոլոր դժվարություններից և մարտահրավերներից՝ պետությունը տարեցտարի ավելացնում է ոլորտի ֆինանսավորումը:

«Պետք է ավելի շատ ներդրումներ անենք՝ ավելի բարձր որակ և հասանելիություն ունենալու համար: Դիմակայելով մի շարք մարտահրավերների՝ համավարակ, պատերազմ և այլն, պետությունն ամեն տարի մեծացնում է կրթության ոլորտի բյուջեն՝ վերջին 4-5 տարում այն նվազագույնը կրկնապատկելով: Սա նշանակում է՝ մենք կարող ենք անել ավելին և հասնել բարեփոխումների ցանկալի արդյունքի»,- ընդգծել է ԿԳՄՍ նախարարը` կրթության ոլորտի բարեփոխումների իրականացման համատեքստում կարևորելով միջազգային և տեղական գործընկերների հետ արդյունավետ համագործակցությունն ու ձեռնարկած պիլոտային ծրագրերը, որոնք փորձարկվում, ապա ներդրվում են ոլորտում՝ դառնալով համակարգային փոփոխությունների բաղադրիչ:

Պանելային քննարկմանն անդրադարձ է եղել նաև ուսուցիչների մասնագիտական կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերին, կրթական ծրագրերում արհեստական բանականության ներդրմանն ու այլ հարցերի:

ASOF-ը միավորում է 361 գիտնականների և փորձագետների 35 երկրներից, որոնք մասնագիտացած են 126-ից ավել գիտական ուղղություններում՝ սկսած բնական գիտություններից մինչև հասարակական և հումանիտար գիտություններ։ Այս բազմազան համայնքը ներառում է ինչպես խոստումնալից երիտասարդ մասնագետների, այնպես էլ կայացած գիտնականների, այդ թվում՝ Նոբելյան մրցանակակիրների։ Ավելի քան 55 անդամներ ներկայում դասավանդում և հետազոտական գործունեություն են իրականացնում աշխարհի առաջատար 100 համալսարաններում։

Leave a Comment