Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ցանկանում եմ կարճ ներկայացնել Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի բողոքարկման վերաբերյալ Վերաքննիչ քրեական դատարանում տեղի ունեցած զարգացումները.
1) Հունիսի 23-ին միակ ներկայացված բողոքից մեր կողմը ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է, քանի որ Արմեն Դանիելյան դատավոր, նույնիսկ ավելացնելու բառեր չկան՝ վերջինիս տարիներ ի վեր ամենից ցածր վարկանիշ ունեցող, ամենից շատ իրավունք խախտող որոշումներ կայացնողն է:
2) Նման դեպքերում Դատարանն անհապաղ պետք է կարճի վարույթը և հեռանա Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցի քննությունից: Բնական է, քաղաքական հետապդնման դեպքում՝ իրավունքն անտեսվում է և տեղի է ունենում լրիվ այլ իրադարձություն:
3) Հունիսի 24-ին, այսինքն՝ մեր կողմից բողոքից հրաժարվելուց հետո՝ ի հայտ է գալիս Դատախազության բողոքն ամբողջությամբ քննիչի միջնորդությունը բավարարած դատարանի որոշման դեմ: Հիշեցնենք Արմեն Դանիելյանն ընթացք չէր տվել հունիսի 23-ին մուտքագրված մեր դիմումին բողոքից հրաժարվելու վերաբերյալ: Ակնհայտ է՝ սպասում էր:
4) Հունիսի 26-ին, Դատարանը վարույթ է ընդունում Դատախազի առանց քննության թողնելուն ենթակա բողոքը, բնականաբար Արմեն Դանիելյանի դեպքում չենք զարմանում:
Միաժամանակ Արմեն Դանիելյանն իրավական նիհիլիզմի նոր նշաձող սահմանեց՝ վերջինս վարույթ է ընդունում նաև այն բողոքը, որից մենք ՀՐԱԺԱՐՎԵԼ ԷԻՆՔ: Ավելին ուղիղ նշելով, որ գիտակցում է, որ այդ բողոքից հրաժարվել է մեր կողմը, բայց ինքը որոշել է, որ պետք է վարույթ ընդունի և դատական ակտի հրապարակման օր նշանակի հուլիսի 4-ը:
5) Հունիսի 26-ին այս ամենի և այլ առավել քան ակնհայտ հիմքերով բացարկի միջնորդություններ են ներկայացվում Արմեն Դանիելյանին, բայց այս ամենը, ինչ կատարվում է՝ պարզ է, ինչ-որ իմաստով բողոքից հրաժարվելը գաղտնազերծեց՝ բոլորի համար ինչքան կարևոր էր, որ միայն սույն դատավորը լինի Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի դեմ բողոքը քննության առնողը և ինչքան ակնհայտ է քաղաքական հետապնդումը»: