ԵՄ-ն և ՀՀ-ն երբեք այսքան մոտ չեն եղել, որքան հիմա. Կայա Կալաս

Եվրոպական միությունն ու Հայաստանը երբեք այսքան մոտ չեն եղել, որքան հիմա, և մենք պատրաստ ենք խորացնելու մեր գործընկերությունը, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ասել է ԵՄ բարձր հանձնակատար Կայա Կալասը։

«Ոգևորված ենք Հայաստանի ու Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացով»,- ասել է նա։

«Մենք աջակցում ենք երկու երկրների միջև կարգավորմանը՝ հիմք ընդունելով ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն և սահմանների անխախտելիության սկզբունքները, այլընտրանք չկա այս սկզբունքներին»,-նշել է Կալասը:

Ըստ նրա՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը կարող է ճանապարհ հարթել տարածաշրջանում տևական խաղաղության համար։

ԵՄ արտաքին քաղաքականության բարձր ներկայացուցչի խոսքով՝ Եվրամիությունը պատրաստ է խորացնել համագործակցությունը ՀՀ-ի հետ՝ բոլոր ուղղություններով։

Կալասն ընդգծել է, որ կողմերը քաղաքական համաձայնության են հասել նոր գործընկերության օրակարգի շուրջ, որը ներառում է տնտեսական զարգացում, անվտանգություն և դիմակայունություն։ Նա հայտարարել է նաև, որ ԵՄ-ն տրամադրելու է 270 մլն եվրո՝ «Դիմակայունություն և աճ» ծրագրի շրջանակում՝ 2024–2027 թվականների համար։

Բացի տնտեսական աջակցությունից, ԵՄ-ն, Կալասի խոսքով, աջակցում է նաև Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին՝ բնակարանաշինության և սոցիալ-հոգեբանական ծրագրերով։

Leave a Comment