Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ամուսնացյալ քահանաները պատասխանել են Փաշինյանի՝ «բոլոր ամուսնացյալ քահանաներն իմ եղբայրներն են» հայտարարությանը։
Տեր Գարեգին քահանա Սարգսյանը գրել է․ «Ես՝ որպես ամուսնացյալ քահանա, չեմ կարող եղբայր լինել նրան, ով թշնամանում է իմ Եկեղեցու, ազգի, պատմության ու սրբությունների հետ։
Իմ հոգևոր ընտանիքն է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, և իմ Հոգևոր Հայրն է՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Ով մերժում է սրբությունները, պատմական արդարությունը և ազգիս հոգևոր սպասավորներին, չի կարող լինել իմ եղբայրը Քրիստոսով»։
Տեր Փառեն քահանա Պետրոսյանը ևս արձագանքել է՝ նշելով․ « «․․․ով կատարում է կամքը իմ Հօր, որ երկնքում է, նա՛ է ինձ եղբայր եւ քոյր եւ մայր» (Մատթ․ 12։50)
Ես՝ որպես ամուսնացյալ քահանա, հավաստիացնում և հաստատում եմ, որ քեզ եղբայր չեմ կարող լինել։ Քանզի ինձ համար Սրբություն Սրբոց են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։ Հոգուս ծննդավայրն են Մեր Սրբոց տաճարներն ու վանքերը, և ՀՈԳԵՎՈՐ ՀԱՅՐՍ է Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Մեր Սուրբ Եկեղեցու յուրաքանչյուր Արքեպիսկոպոս ու Եպիսկոպոս հայ ազգի հոգևոր հայրն է, աստվածաբան-վարդապետը, բախումների ժամանակ՝ խաղաղարարը, դժբախտության պահին՝ սփոփիչը։ Ամեն մի Եպիսկոպոսի ձեռամբ օծվում և հոգևոր ծնունդ են առնում բազմաթիվ քահանաներ, որոնք և սպասավորում են Հայ ազգին ու Մեր Տեր Հիսուս Քրիստոսին։
Հայտարարությանն անդրադարձել է նաև Տեր Վրթանես քահանա Բաղալյանը՝ գրելով․ «Որպես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ կանոնական ձեռնադրությամբ ծառայող ամուսնացյալ քահանա՝ իմ պարտականությունը ոչ միայն Սուրբ Պատարագի մատուցումն ու Աստծո Խոսքի քարոզությունն է և այլ ծեսեր ու արարողություններ, այլև՝ Եկեղեցու միասնության և ամբողջականության պաշտպանությունը, անկախ անձնական հագուրդներից կամ քաղաքական մթնոլորտից։
Վերջերս արված այն հայտարարությունները, թե «ամուսնացյալ քահանաներն իմ եղբայրներն են», արտաքինից կարող են հնչել որպես եղբայրական ջերմություն և կապի հաստատման փորձ։ Սակայն իրական եղբայրը նա է, ով հարգում է ընտանիքը, այլ ոչ թե պառակտում է այն։
Մեր հոգևոր ընտանիքի գլուխը, Եկեղեցու սահմանված կարգով, Ամենայն Հայոց Կաթողիկոսն է, իսկ եպիսկոպոսաց դասը մեր հովվապետական առաջնորդությունն է՝ ձեռնադրությամբ ու Սուրբ Հոգու շնորհով հաստատված։ Ով արհամարհում է Հայրապետին ու հալածում եպիսկոպոսներին, նա ըստ էության մերժում է նաև այն միությունը, որի կրողն ենք մենք՝ ամուսնացյալ քահանաներս։
Հետևաբար, անհնար է սիրել մեկ անդամին և մերժել Մարմնի գլուխն ու սյուները։
Որպես ծառա Տիրոջ մեջ՝ ես մերժում եմ այն թյուր պատկերացումը, թե հնարավոր է «եղբայրություն» քարոզել մի ձեռքով՝ մինչ մյուսով քանդվում է Հայ Եկեղեցու ինքնիշխանությունը։ Եթե իմ հավատը և նվիրումը հարգանքի են արժանանում, ապա նույնը պարտադիր կերպով վերաբերում է նաև Վեհափառ Հայրապետին, ում օրհնությամբ ու ձեռնադրությամբ է յուրաքանչյուր քահանա իր գոտին կապել։
Խնդրում եմ՝ եթե իսկապես եղբայրական մոտեցում ունեք ամուսնացյալ քահանաների նկատմամբ, ապա ձեր խոսքը թող համընկնի ձեր գործերի հետ, և դադարեցվի այն պետական քաղաքականությունը, որը սանձազերծել է արշավ Հայ Եկեղեցու, Վեհափառ Հայրապետի և եպիսկոպոսաց դասի դեմ։
Աղոթում եմ, որ ճշմարտության լույսը հաղթի մոլորության խավարին։
»