Հերման Վահրամեանի անդրանիկ ցուցահանդեսը Հայաստանում․ «Վերնատուն»

Վերջերս Երևանում բացվել է 20-րդ դարավերջի եվրոպաբնակ, առաջադեմ մտավորականներից մեկի՝ ճարտարապետ, նկարիչ և մշակութային տեսաբան Հերման Վահրամեանի գրաֆիկական աշխատանքների հայաստանյան անդրանիկ ցուցադրությունը։

Ցուցահանդեսի համադրող, արվեստաբան և «Ահա» արվեստի հետազոտության ու ստեղծագործության կոլեկտիվի հիմնադիր Նաիրի Խաչատուրյանը խոսում է «Ահա» կոլեկտիվի գործունեության, վերջին շրջանի միջազգային ցուցահանդեսներին մասնակցության մասին, ինչպես նաև ներկայացնում է Հերման Վահրամեանին և բացատրում, թե ինչու է նրա գործն ու միտքը մինչ օրս մնացել չբացահայտված։

Ցուցահանդեսում ներկայացված է Վահրամեանի վաղ շրջանի գրաֆիկական աշխատանքները։ Գծանկարներ՝ ստեղծված ամենահամեստ նյութերով՝ A4 թուղթ և տուշ։

Խաչատուրյանը նշում է, որ Վահրամեանը շատ առաջադեմ հայացքներով էր փորձում հայկական ժամանակակից արվեստը սփյուռքում զարգացնել, ստեղծել նոր գեղարվեստական լեզու, նոր մտածելակերպ, բայց բախվում էր բազմաթիվ խնդիրների՝ «այլ» մտածելակերպի։

Վահրամեանը հիմնադրել է ICOM ինստիտուտը, որի միջոցով փորձում էր լրացնել հաղորդակցության պակասը և ընդգծել արևելքի մշակույթի անտեսված ու չգնահատված կարգավիճակը արևմուտքում։ Նա այն ստեղծեց որպես այլընտրանք, որպեսզի ցուցադրությունների, սիմպոզիումների և հրատարակությունների միջոցով արևելքի մշակութային փոքրամասնությունները Եվրոպայում ավելի տեսանելի դառնան։

Ինչպես նշում է Նաիրի Խաչատուրյանը՝ նրա ամբողջ ջանքը կենտրոնացած էր տեսողականի ու տեսանելիի շուրջ։

Վահրամեանը փորձում էր արվեստի տարբեր ճյուղերի միջև կամուրջներ ստեղծել՝ պնդելով, որ չկա իրար հակադրվող արևելք և արևմուտք։ Նրա հարցազրույցները ինքնակենսագրական են, որոնցում նա պատմում է, թե ինչպես արևմուտք գալով կարողացավ ճանաչել իր արևելյան ինքնությունը։

Leave a Comment