ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Ես միշտ կարծել եմ և շարունակում եմ կարծել, որ ընդդիմությունը պետք է լինի ավելի առաքինի, ավելի կրթված, ավելի խելացի, ավելի հանդուրժող և ընդհանրապես ավելի լավը, քան իշխանությունը, որովհետև, եթե դա այդպես չէ, ապա ինչպե՞ս է այն հավակնելու ստանալ ժողովրդի քվեն։
Բայց արի ու տես, որ արդեն տևական ժամանակ է՝ մենք ունենք տրամագծորեն հակառակ պատկեր, և ես սա ոչ թե ուրախությամբ, այլ ցավով եմ արձանագրում, որովհետև երկրի, պետության համար վերևում նկարագրվածն է ճիշտն ու արդյունավետը, երբ քաղաքական ուժերը պարտվելուց հետո իրենց մեջ ուժ են գտնում ինքնահայեցման, ինքնաքննադատության, ինքնամաքրման՝ ավելի լավը դառնալու համար, քան հաղթած ուժը, և փորձում են հաղթել նրան հաջորդ ընտրություններում։
Երեկ իմ լավ ընկեր Արամազդ Ղալամքարյանը գրառում էր արել Հայ Ազգային Կոնգրեսի մասին՝ տալով հարցեր և ձևակերպելով պատասխաններ, որի իրավունքը նա ամբողջությամբ ունի։ Իսկ ինչ տեղի ունեցավ հետո՝ պարզապես արգահատելի էր. անհանդուրժողականության մեծ ալիք ՀԱԿ-ի անդամների և համակիրների կողմից, նույնիսկ բուլինգ, դավաճան կարգել և այլն։ Սիրելի ՀԱԿ ընկերներ, թեև դժվար թե ինձ այլևս սիրելի համարեք, դուք այլևս երբեք քվե չեք ստանալու, որովհետև նույնիսկ այլախոհության հանդեպ ձեր վերաբերմունքով մեզնից վատն եք, էլ չասեմ՝ գաղափարական առումով։ Եվ սա, ինչպես վերևում ասացի, գրում եմ ցավով, ոչ թե ուրախությամբ, որովհետև երկրին ընդդիմություն է պետք՝ լավ ընդդիմություն, մեզնից լավ քաղաքական ուժ, որը չկա, և եթե այսպես շարունակվի, դժվար էլ թե մոտ ապագայում լինի։
Ու դրա մեղավորը մենք չենք, այլ բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք մնացել են հայդատականության ծիրում, արդարացնում են բռնությունը, տեռորը և ռազմական հեղաշրջումը, պատրաստ են Հայաստանը դարձնել կայսրության ծայրագավառ՝ միայն թե իրենք լինեն նշանակովի իշխանություն, մի տիրոջը մյուսով փոխարինողները, կեղծ հայրենասիրություն քարոզողները, իրենց երեխաներին ԱՄՆ կամ ՌԴ քաղաքացի դարձնողները, բայց ամբողջ օրը բանակից խոսողները և այլն։