Եկել եմ հստակ ուղերձով․ Կայա Կալասը կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը

Եվրոպական միության համար կարևոր է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման շուրջ գործընթացն ամփոփվի հնարավորինս արագ, և կողմերի միջև ձեռք բերված համաձայնագիրը ստորագրվի որքան հնարավոր է շուտ։ Այսպիսի հայտարարություն արել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը Երևանում  ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։ Հայ–ադրբեջանական հարաբերություններից ու տարածաշրջանում կայունությունից զատ՝ Եվրամիություն ներկայացուցչի հետ հանդիպման առանցքում տնտեսական հարցերն են եղել, մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացն ու ճգնաժամային կառավարման խնդիրները։ Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյան ընդգծել է, որ Հայաստան–ԵՄ հարաբերությունները երբեք այսքան սերտ ու գործակցային չեն եղել։

Եվրոպական միությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ հայտարարում է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը Երևանում արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ Եվրոպացի պաշտոնյան ընդգծում է, որ հարաբերությունների կարգավորումն անպայմանորեն պետք է հիմնված լինի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ հարգանքի ու սահմանների անխախտելիության սկզբունքների վրա։

«Այս սկզբունքներին այլընտրանք չկա։ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը կարող է ճանապարհ հարթել տարածաշրջանում տևական խաղաղության համար»։

Կայա Կալասը շեշտում է, որ Բաքու կատարած այցի ժամանակ ևս խոսել է գործընթացն արագ կազմակերպելու անհրաժեշտության մասին։ Հայաստանը և Ադրբեջանը շուրջ չորս ամիս առաջ են հայտարարել, որ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ աշխատանքներն ավարտված են, և, ըստ էության, պայմանագիրը պատրաստ է ստորագրման։ Այս հայտարարությունից հետո, սակայն, ադրբեջանական կողմը նոր նախապայմաններ է առաջ քաշել, որոնք են ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումն ու ՀՀ սահմանադրության մեջ փոփոխություններն ու խմբագրումները։ Արարատ Միրզոյանը հիշեցնում է՝ հայկական կողմի համար ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման օրակարգն ընդունելի է, եթե դա արվում է խաղաղության պայմանագրի ստորագրման համատեքստում։

«Ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխություններին, մի անգամ չէ, որ ասել ենք՝ սա բացառապես ՀՀ ներքին օրակարգն է։ Այս մտահոգությունները փարատելու ամենաուղիղ ձևը խաղաղության պայմանագրի ստորագրումն է։ Տեսեք, մենք ունենք պայմանագիր, որում գրված է, որ մենք ճանաչում ենք միմյանց տարածքային ամբողջականությունը՝ համաձայն այն սահմանների, որոնք մեր երկու երկրների միջև գոյություն են ունեցել Խորհրդային Միության փլուզման պահին։ Հիմա պայմանագրի ստորագրումից հետո այս ձևակերպումը պետք է գնա Սահմանադրական դատարան՝ վավերացվելու, և եթե մեր Սահմանադրական դատարանն ասում է, որ սահմանների վերաբերյալ այս ձևակերպումը չի հակասում մեր Սահմանադրությանը, մտահոգություն չկա, հարցը լուծված է, և մեր Սահմանադրությունը չի պարունակում որևէ բան Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ»,- մանրամասնում է Արարատ Միրզոյանը։

Ոչ մի դեպքում չպետք է լինեն նախապայմաններ խաղաղությունը վերջնականացնելու համար՝ շեշտում է Արարատ Միրզոյանը։ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները նույնպես Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի և Հայաստանի արտաքին քաղաքականության ղեկավարի հանդիպման ու քննարկումների առանցքում էին։ Կողմերը, ամփոփելով արդյունքները, ընդգծում են՝ Հայաստան–Եվրոպական միություն հարաբերությունները երբեք այսքան ընդգրկուն ու սերտ չեն եղել։

«Ես այստեղ եմ հստակ ուղերձով․ Հայաստանի Հանրապետությունն ու Եվրամիությունը երբեք այսքան մերձ չեն եղել, որքան հիմա․․․ Վերջին տարիներին դուք ընդունել եք օրինագիծ ԵՄ անդամակցություն վերաբերյալ, և մենք պատրաստ ենք խորացնելու մեր գործընկերությունը։ Ուրախ եմ՝ հայտարարելու, որ Եվրոպական հանձնաժողովը ընդունել է մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագրի առաջարկը, և երբ պայմանները կատարվեն, գործընթացը ավարտին հասցվի, դա Եվրոպական միությանն ու Հայաստանին ավելի մոտ կդարձնի»,– ասում է Եվրոպական միության պաշտոնյան։

Կայա Կալասի այցը Երևան նոր քայլ է Հայաստան–ԵՄ հարաբերությունների առաջընթացում, սակայն Հայաստանն այս գործընթացում դանդաղում է՝ հայտարարում է «Հանուն հանրապետոթյան» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը։ Այդ կուսակցության անդամները հենց ԱԳ նախարարության մոտ ասուլիս էին հրավիրել, Կայա Կալասի այցին զուգահեռ, իրենց մտահոգությունները հայտնելու համար։ Հայաստանը վերջերս է ընդունել Եվրամիության անդամակցության մեկնարկի մասին օրինագիծը, դրանից հետո պետք է գործուն միջոցներ ձեռնարվեին Եվրոպական միությանն անդամակցելու ուղղությամբ, սակայն, ըստ Բաբաջանյանի, այդ ուղղությամբ քայլերը չեն արվել։

«Առաջին քայլը պետք է լինի Եվրոպական միության հետ ասոցացման գործընթացի ամբողջացումը, Հայաստանը պետք է բացվի եվրոպական շուկայի համար, Հայաստանի համար հասանելի պիտի լինի եվրոպական շուկան, և այս ուղղությամբ լրջորեն աշխատանք պիտի տարվի մեր տնտեսվարողների հետ, կառավարությունը պիտի աշխատի, համապատասխան սուբսիդաներ ու ուղեցույցներ պիտի տրվեն, որ մենք սկսենք ստանդարտների բարձրացման ուղղությամբ աշխատանք կատարել և կախված չմնանք ռուսական քմահաճույքներից»,– կարծում է Բաբաջանյանը։

Կայա Կալասն անդրադառնում է նաև Հայաստանում գործող ԵՄ դիտորդական  առաքելության գործունեության կարևորությանը։ Նա ընդգծում է, որ առաքելությունը ներդրում է կատարում Հարավային Կովկասում խաղաղության և կայունության գործում։ Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի պաշտոնական այցի շրջանակում Հայաստանն ու Եվրամիությունը փաստաթուղթ են ստորագրել, որով սահմանել են Եվրամիության ճգնաժամային կառավարման գործողություններին Հայաստանի մասնակցության շրջանակը։ Արարատ Միրզոյանը, անդրադառնալով փաստաթղթին, ընդգծում է, որ դա հանդիպման 3 հիմնական ձեռքբերումներից է։

«Այսօր մենք համատեղ հիմք դրեցինք Հայաստան–Եվրոպական միություն՝ անվտանգության և պաշտպանության ոլորտներում խորհրդակցությունների։ Սա վճռորոշ քայլ է՝ մեր համագործակցության շրջանակը համապատասխանեցնելու ժամանակակից մարտահրավերներին և գործադրելու դրանց հաղթահարման լրացուցիչ ջանքեր»,– ասում է ԱԳ նախարարը։

Արարատ Միրզոյանը լրագրողներին տեղեկացնում է, որ Հայաստանն ու Եվրոպական միությունը ավարտել են գործընկերության նոր օրակարգի շուրջ բանակցությունները, ինչի շնորհիվ ձևավորվել է մի փաստաթուղթ, որը համագործակցության նոր ուղղություններով է համալրելու և ավելի է խորացնելու Հայաստան-Եվրամիություն երկկողմ օրակարգը։

Leave a Comment