Արդեն 15 տարի Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն համակարգում է ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքները։ Բյուրոյի գործադիր տնօրեն Վաղինակ Եղիազարյանը գործունեության 15-ամյակն ամփոփող միջոցառմանը պատասխանել է «Ռադիոլուր»-ի հարցերին և ներկայացրել համակարգի կայացման ճանապարհին հանդիպած 3 հիմնական խնդիր-մարտահրավերները․
«Կարևոր խնդիր է եղել է ապահովագրավճարների սահմանումը․ մենք չենք ունեցել որևէ վիճակագրական տվյալ ու փորձել ենք դատողությունների հիման վրա ինչ-որ բան ստեղծել։ Հաշվարկի վրա պետք է հիմնված լիներ, բայց մեծ մասամբ սկզբից դատողությունների հիման վրա է եղել, որը, այնուամենայնիվ, վատ չի եղել․ որոշակի ժամանակաշրջան նորմալ աշխատել է։ Մյուս խնդիրը եղել է, երբ մենք փորձել ենք ներմուծել վարքագծի վրա ազդեցության համակարգ՝ «Բոնուս-Մալուս»–ը, ու գայթակղություններ կային՝ ոնց կարելի է շրջանցել։ Ու երբ էդ համակարգը փորձեցինք հնարավորինս հարմարեցնել, որպեսզի արդար արդյունքներ ցույց տա, եղան ընդվզումներ։ Երրորդ կարևոր մարտահրավերը տեղեկատվական համակարգի ստեղծումն էր։ Շատ բարդ խնդիր էր, որովհետև, իհարկե, գայթակղիչ է աշխատել այնպես, ինչպես երեկ էիր աշխատում՝ կտրուկ, հիմնարար փոփոխություններ չանելով, որովհետև փոփոխությունները բերում են իրենց հետ ռիսկեր, դժգոհություններ, և հարմարության միջավայրից պետք է դուրս գաս»։
Այնուամենայնիվ, հակառակ վարորդների անվստահությանն ու աշխատակիցների՝ տեխնիկայով փոխարինված լինելու վախին՝ տեղեկատվական համակարգը կայացել է, թղթային աշխատանքը՝ վերացել, ռիսկերը՝ զգալիորեն կրճատվել՝ կարծում է Վաղինակ Եղիազարյանը։
Ըստ Ներքին գործերի նախարարության տվյալների՝ 2024-ին տեղի է ունեցել 4․465 ճանապարհատրանսպորտային պատահար, 333 մարդ մահացել է, 6․293-ը՝ մարմնական վնասվածքներ ստացել։
Միայն 2025-ի առաջին եռամսյակում արձանագրվել է 988 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով մահացել է 60, վիրավորվել՝ 1․391 մարդ:
Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրենի տեղակալ Արտյոմ Ազարյանը հայտնում է՝ այժմ բյուրոն աշխատանքային նոր ուղղություն է ստանձնելու․ այս թիվը նվազեցնելու նպատակ ունի։
«Մեր նպատակը երեք ուղղությամբ է կենտրոնանալու՝ աշխատել ավտոմեքենաների տեխնիկական վիճակի վրա, աշխատել ճանապարհային և այլ կառույցների որակի բարելավման ուղղությամբ և մարդկանց գիտակցության վրա։ Այս երեք կոմպոնենտների վրա աշխատելով միայն կարող ենք ինչ-որ արդյունքի հասնել։ Բնականաբար, սա չի կարող լինել միայն բյուրոյի գործողությունների արդյունք, որովհետև բյուրոն շատ փոքր գործիքակազմ ունի, դրա համար մենք նախատեսում ենք պետական մարմինների հետ աշխատել, իրենց արդեն դիմել ենք, փորձում ենք ինչ-որ աշխատանքային խմբերի մեջ ներգրավել։ Մասնավորապես՝ տրամադրել մեր տեղեկատվական համակարգը, որում բավական մեծ ծավալով տեղեկություն է գեներացված։ Հնարավոր կլինի վիճակագրական տվյալներն օգտագործել, վերլուծել և որոշել էն պատճառները, որոնք ազդում են պատահարների առաջացման վրա»։
Պետական մարմինները, սակայն, ապահովագրական ընկերությունների աշխատանքի առնչությամբ վերապահումներ ունեն։ Փետրվարին առատ ձյան պայմաններում մայրաքաղաքի փողոցների մաքրման աշխատաքներն ուշացան։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց՝ ՃՏՊ-ների դեպքում ԱՊՊԱ համակարգը դանդաղ էր աշխատում, խցանումները շատ էին, տեխնիկան չկարողացավ հասնել նախանշված վայրեր։ Այդ համակարգը Երևանի համար աղետ է՝ նշեց Ավինյանը։ «Ռադիոլուր»-ի հետ զրույցի ժամանակ բյուրոյի տնօրենն ասել էր, որ մեղավորության սլաքները սխալ կողմ են ուղղվում, և հայտնել գործընթացի ժամկետը կրճատելու շուրջ աշխատելու պատրաստակամություն։ Աշխատեցի՞ք՝ հարցնում եմ Վաղինակ Եղիազարյանին․
«Մենք շատ լավ գիտակցում ենք, որ կարևորագույն թիրախը պետք է լինի հենց պատահարների կրճատումը։ Ինչքան ուզում ես աշխատի հետևանքների վրա, եթե դրանք չկրճատվեն, միևնույն է, կտրուկ արդյունքներ չես ունենա։ Այնուամենայնիվ, բազմաթիվ քայլեր կան․ մենք դրա մասին ասել ենք տարբեր առիթներով տարբեր պետական մարմինների, այդ թվում՝ քաղաքապետարանին՝ միջնորդավորված ձևերով։ Հիմա էլ արդեն իրենց հետ որոշակի շփումներ կան։ Օրինակ՝ օգտագործել տեսանկարահանող սարքերը թե՛ խաչմերուկներին, թե՛ կարմիր գծերի, մոտ որպեսզի մեքենաներն արագ տեղաշարժվեն, վթարից հետո նոր գրանցումներ արվեն։ Հիմա նոր իրական հանդիպումներ են տեղի ունենում, ուզում ենք հասկանալ տեխնիկական համադրելիության և այլ հարցեր, որպեսզի առաջ գնանք, բայց մենք դա կարևոր թիրախ ենք համարում, էդ ուղղությամբ աշխատելու ենք, անելու ենք ամեն ինչ, ակնկալում ենք համագործակցությունը բոլոր մարմինների հետ, բայց եթե նույնիսկ չլինի որևէ մեկի հետ համագործակցություն, միևնույն է, ինչ-որ ձև գտնելու ենք»։
Այս զրույցի պահին Ազգային ժողովում փնտրում էին ՃՏՊ-ներից հետո ԱՊՊԱ համակարգի աշխատանքի ժամանակը կրճատելու եղանակները։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու պատգամավար Էդվարդ Աղաջանյանը քննարկման էին ներկայացրել մի նախագիծ, որի ընդունման դեպքում սեպտեմբերի 1-ից երկու մեքենաների միջև տեղի ունեցած հասկանալի վթարի դեպքում մեքենաները պետք է լքեն տարածքը 20 րոպեի ընթացքում։ Հակառակ դեպքում՝ տուգանք 30․000 դրամ։ Էդվարդ Աղաջանյանն է մանրամասնում․
«Առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է օրենսդրական բարեփոխմամբ օժանդակել արհեստական խցանումների առաջացման ռիսկերի նվազեցմանը՝ հաշվի առնելով դրանց հետևանքով առաջացող սաստիկ, հաճախ ժամեր տևող խցանումները, որոնք իրենց հերթին ունենում են անասելի բացասական թե՛ անվտանգային, թե՛ տնտեսական և թե՛ առողջապահական հետևանքներ մեր քաղաքացիների համար։ Օրենքների նախագծերի սույն փաթեթը վերաբերելի է միայն 2 ավտոտրանսպորտային միջոցների մասնակցությամբ պատահարներին, երբ առկա է միայն գույքային վնաս, և կողմերն ունեն համաձայնություն մեղավորության վերաբերյալ։ Առաջարկվելիք օրենսդրական փոփոխությունները կվերաբերեն ապահովագրական պատահարների ընդհանուր թվի շուրջ 80-ից ավելի տոկոսին՝ համաձայն գործող բջջային հավելվածի, ապահովագրական մեկ պատուհան համակարգի, ԱՍՎԱ տեխնիկական սպասարկումն ապահովող ընկերության տրամադրած գրավոր տեղեկության»։
Այս պահին, ըստ Աղաջանյանի, նման դեպքերում մեքենաները մնում են ճանապարհին միջինը 1 ժամ 12 րոպե։ Ակնկալվում է, որ ԱՊՊԱ համակարգի մասին տեղեկացնող բջջային հավելվածի լավարկումից հետո առաջարկվող 20 րոպե ժամանակը կկրճատվի՝ հասնելով 5–ի։ Օրենքի նախագիծը կքննարկվի ԱԺ արտահերթ նիստին։