Լարվել են ռուս-ադրբեջանական հարաբերությունները։ Պատճառը՝ 2001 թվականին Ռուսաստանում տեղի ունեցած սպանություններն են: 24 տարվա վաղեմության քրեական գործի առնչությամբ, ըստ ռուսական լրատվամիջոցների, ձեռք են բերվել անհերքելի ապացույցներ ադրբեջանցիների մասնակցության վերաբերյալ: Ռուս իրավապահների գործողություններն իրականությունը բացահայտելու համար են՝ գրում են սոցցանցերի ռուս օգտատերերը։ Իսկ ադրեբեջանական մամուլը հարաբերությունների սառեցում է կանխատեսում: Կա՞ արդյոք քաղաքական բաղադրիչ քրեական այդ հանցագործության բացահայտման հիմքում, թե՞ դա միայն առիթ է, որ Բաքուն անթաքույց կերպով խոսի ռուս-ադրբեջանական հարաբերությունների վերանայման մասին:
Ինչո՞ւ լարվեցին ռուս–ադրբեջանական հարաբերությունները
Հունիսի 27-ին Ռուսաստանի անվտանգության ուժերի կատարած գործողությունների հետևանքով, ըստ տարբեր տեղեկությունների, երկու ադրբեջանցի է մահացել է, 50-ը ձերբակալվել են: Ըստ պաշտոնական տեղեկության՝ Եկատերինբուրգի շրջանային դատարանը քննություն է անցկացրել քննչականի միջնորդության հիման վրա և ձերբակալվածներից երեքի նկատմամբ որպես խափանման միջոց կալանք է սահմանել։
Մեղադրանք է առաջադրվել Ռուսաստանի քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ մասով՝ խմբի կազմակերպած սպանություն:
Ըստ քննչական մարմինների՝ նշված բոլոր անձինք էթնիկ հանցավոր խմբավորման անդամներ են և առնչություն ունեն Եկատերինբուրգ քաղաքում 2001, 2010 և 2011 թվականներին կատարված մի շարք սպանությունների և սպանության փորձերի հետ։
Բաքվում վիճարկում են տեղի ունեցածը, բայց ոչ թե իրավական փաստերի անհերքելիությունը, այլ որ ստուգումներն ու հարցաքննություններն անցկացվել են խիստ դաժանության պայմաններում։ Ադրբեջանական ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում հենց այդ հանգամանքներն են: Ռուսական ԶԼՄ-ներն էլ հակադարձում են, որ իրավապահները որոնում էին սպանության գործով հնարավոր մեղադրյալի։ Ընդ որում՝ նրանցից մեկն էլ մահացել է հենց այն պահին, երբ ոստիկանները եկել էին՝ նրան ձերբակալելու։
Իրավական գործընթացները և արձագանքները
Ադրբեջանի իշխանություններն անորոշ ժամանակով չեղարկել են Ռուսաստանին առնչվող բոլոր մշակութային միջոցառումները։ Բացի այդ՝ Բաքուն հրաժարվել է Ռուսաստանի հետ միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստին մասնակցելուց։ Հայտարարվել է, որ Միլի մեջլիսի առաջին փոխխոսնակ Ալի Ախմեդովի գլխավորած պատվիրակությունը չի մեկնի Մոսկվա։ Չեղարկվել է նաև Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի այցը Բաքու: Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ Բաքուն անհեթեթ է համարում Օվերչուկի կամ Ռուսաստանի որևէ այլ պաշտոնական ներկայացուցչի այցը նման պայմաններում։ Ավելին՝ այս ֆոնին հունիսի 28-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն էր կանչվել է Ռուսաստանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարը, որին «խիստ բողոք» էր ներկայացվել:
Ռուսաստանի ԱԳՆ-ից նշել են, որ իրավապահները գործել են քրեական գործերի շրջանակում, իսկ Պետդուման Ադրբեջանի արձագանքը համարել է «չափազանցված»։ Բաքվի գործողություններին արձագանքել է նաև Կրեմլը՝ հանձին ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի:
Դմիտրի Պեսկովը Բաքվի դիրքորոշումը համարել է դեմարշ։ Նա ասել է․ «Եկատերինբուրգում տեղի ունեցած իրադարձությունները չպետք է Բաքվի կողմից նմանատիպ դեմարշների պատճառ դառնան»։ Պեսկովը նշել է, որ, այս պահին երկկողմ հարաբերություններում ծագած ճգնաժամի քննարկում Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև նախատեսված չէ։
Միջազգային մշակութային համագործակցության գծով՝ Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյն էլ ասել է, որ Ռուսաստանը մտադիր չէ չեղարկել ադրբեջանական մշակութային միջոցառումները՝ ի պատասխան Բաքվի գործողությունների։
Բաքվի ոստիկանությունը խուզարկել է Ռուսաստանի պետական «Սպուտնիկ» լրատվական գործակալության Բաքվի գրասենյակը։ Սակայն չի պարզաբանվում, թե հատկապես որ քրեական գործի շրջանակում:
Բաքվի հեռահար նպատակները
Ադրբեջանի վերջին քայլերը, ներառյալ Ռուսաստանի հետ մշակութային և խորհրդարանական համագործակցության դադարեցումը, ռուսական փորձագիտական շրջանակները դիտարկում են ոչ միայն որպես Եկատերինբուրգում տեղի ունեցած ձերբակալությունների արձագանք, այլև խորացող ռազմավարական վերադասավորումների արտահայտություն։ Օրինակ՝ Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինն ասել է, որ Ադրբեջանը երբեք չի եղել Ռուսաստանի ռազմավարական գործընկերը։ Նա նշել է, մեջբերում․ «Լեռնային Ղարաբաղը հայ բնակչությունից մաքրելուց հետո Ադրբեջանը դադարել է հաշվի առնել Ռուսաստանին»։
Ըստ ռուսական լրատվամիջոցներում շրջանառվող տեսակետների՝ այս աղմուկի մեջ միջազգային քաղաքական բաղադրիչ կա: Որոշ վերլուծաբանների կարծիքով՝ Բաքուն փորձում է մանևրել ուժային կենտրոնների միջև՝ չկապվելով միայն մեկի հետ։ Մամուլի հրապարակումներից կարելի է եզրակացնել, որ տեղի ունեցածը ռուսական հանրությունն ընկալում է ոչ միայն դիվանագիտական լարվածություն, այլև Բաքվի ավելի ինքնուրույն քաղաքականության դրսևորման փորձ։