Թրամփի վարչակազմը Հարվարդի համալսարանին մեղադրել է իսրայելցի ուսանողների իրավունքները խախտելու մեջ. Wall Street Journal

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Հարվարդի համալսարանին տեղեկացրել է, որ հետաքննությունը պարզել է՝ համալսարանը խախտել է դաշնային քաղաքացիական իրավունքների մասին օրենքները՝ հրեա և իսրայելցի ուսանողների նկատմամբ իր վերաբերմունքով, գրում է The Wall Street Journal-ը։
«Անհապաղ համապատասխան փոփոխություններ չկատարելը կհանգեցնի բոլոր դաշնային ֆինանսական ռեսուրսների կորստին և կշարունակի ազդել Հարվարդի և դաշնային կառավարության հարաբերությունների վրա», -ասված է երկուշաբթի՝ The Wall Street Journal-ի ձեռք բերած՝ Հարվարդի նախագահ Ալան Գարբերին ուղղված նամակում։
Ավելի վաղ Բոստոնի դաշնային դատավորն արգելափակել էր Հարվարդի համալսարանի միջազգային ուսանողների մուտքը Միացյալ Նահանգներ արգելելու Թրամփի վարչակազմի որոշումը՝ մինչև հետագա իրավական գործողությունների սկսվելը։
Մայիսին դաշնային դատավորն արգելափակեց ԱՄՆ վարչակազմի որոշումը՝ Հարվարդի համալսարանին օտարերկրացի ուսանողների ընդունելն արգելելու վերաբերյալ։ Ժամանակավոր արգելքը կառավարությանը թույլ չի տալիս Հարվարդի համալսարանին զրկել հավաստագրից, որը համալսարանին հնարավորություն է ընձեռում ընդունել օտարերկրացի ուսանողների՝ Միացյալ Նահանգներում սովորելու համար։
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Սպիտակ տունը կասեցրել է Հարվարդի համալսարանին օտարերկրացի ուսանողների ընդունելու թույլտվությունը։ Իշխանությունների կարծիքով՝ համալսարանը Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողություններին դեմ պաղեստինամետ ակտիվիստների պատճառով չի կարող ապահովել հրեական ծագում ունեցող ուսանողների լիակատար անվտանգությունը։ Ի պատասխան՝ համալսարանը դատական ​​հայց էր ներկայացրել Բոստոնի դաշնային դատարան։

Leave a Comment