Նախկինում ՀԷՑ-ը չարաշահումների մասին պետությունից ոչ մի ազդակ չի ստացել՝ պնդում է գլխավոր տնօրենի պաշտոնակատարը

ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ պնդել է, որ մինչև գործարար, ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի ձերբակալումը իշխանություններից որևէ կերպ ազդակներ չի ստացել, որ ընկերությունն աշխատում է չարաշահումներով կամ մեծ վնասներով։ Նա նշել է, որ իշխանություններն այս ընթացքում, երբ սկսել են խոսել ընկերության պետականացման մասին, չեն եկել ՀԷՑ ու չեն քննարկել խնդիրները, եթե դրանք կան: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մինչդեռ, բազմիցս հայտարարել է, որ ընկերությունը մեծ վնասներով է աշխատում, և եկել է այն շատ արագ պետականացնելու ժամանակը։ Համապատասխան օրինագիծը կքննարկվի հուլիսի 1-ից մեկնարկող ԱԺ արտահերթ նիստին։

ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը պնդում է՝ ո՛չ իշխանությունից, ո՛չ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից նախորդ տարիներին որևէ ակնարկ չի եղել, որ ընկերությունը կարող է լիցենզիայից զրկվել․

«Ասեմ ավելին, որ 2023 թվականին, հոսանքազրկումների միջին հաճախականության ցուցանիշը Հայաստանի ամբողջ տարածքում 2022 թվականի համեմատ բարելավվել է շուրջ 87 %-ով, միջին տևողությունը հոսանքազրկումների բարելավվել է 18,1 %-ով, իսկ հոսանքազրկումների վերականգնման միջին տևողություն 2022 թվականի համար 12, 85 %-ով»։

2024-ի արդյունքները դեռ ամփոփվում են։ 2023-ին ընկերության ներդրումային ծրագրերը կատարվել են 91,8 տոկոսով՝ ասում է Ղազինյանը։ Նրա խոսքով՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը միակ կառույցն է, որ մշտադիտարկում է ներդրումային ծրագրերը և առանձնացնում իր համար անընդունելի ծախսերը, ՀԷՑ-ը հաշվի է առնում դրանք ու կրճատում․

«Այդպիսի կարծիք կա, չէ՞, որ ասում են, թե ՀԷՑ-ը ինչ ուզում՝ անում է, գումարները այս կողմ, այն կողմ է անում։ Բացառիկ իրավունք է տրված Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ չընդունել այն ծախսերը, որոնք իրենք համարում են ոչ նպատակահարմար և չընդունել այն ծախսերը, որոնք իրենք համարում են, այպես ասած, գները բարձրացված։ Այդ չընդունելը եղել է շատ փոքրիկ թիվ»։

Այնուամենայնիվ, ՀԷՑ-ում խնդիրներ կան՝ հայտարարում է Դավիթ Ղազինյանը․

«Մենք ունենք բազմաթիվ խնդիրներ։ Մեզնից լավ այդ խնդիրները ոչ ոք չգիտի, չի էլ կարող իմանալ, բայց մոտավորապես այդ չափով, որքան մենք գիտենք, ի սկզբանե իմացել է կառավարությունը, ի սկզբանե իմացել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը»։

«Ռադիլուր»-ի հարցին, թե որն է ընկերության գլխավոր խնդիրը, Ղազինյանը կարճ, բայց հարցեր առաջացնող պատասխան է տալիս․

«Մեր ամենամեծ խնդիրը ժամանակն է։ Երկրորդ խնդիրը, որ հանգիստ թողնեն, որ մենք մեր գործը կատարենք»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մինչդեռ, հունիսի 18-ին՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց, որ ընկերությունը մեծ վնասներով է աշխատում։ Նա այդ պնդումը հիմնավորեց քաղաքացիներից անձամբ ստացած բողոքներով։ Վարչապետն ասաց, որ մեկ ամիս առաջ, երբ դեռ ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը կալանավորված չէր, և նրա հետ չկային քաղաքական հակասություններ, կառավարության անդամներին հանձնարարել էր ուսումնասիրել ՀԷՑ-ի գործունեությունը․

«Ուղիղ մեկ ամիս առաջ մեկ ամիս ժամկետով տվել էի կառավարության վերաբերելի անդամներին հանձնարարական, որ կամ ՀԷՑ-ի կողմից ժողովրդին հասցված վնասը պետք է վերականգնվի։ Իմ բազմաթիվ մարզային այցելությունների ընթացքում ես զարմանքով ու զայրույթով արձնագրեցի, որ ՀԷՑ-ն իր գործունեության արդյունքում Հայաստանում գրեթե էներգետիկ ճգնաժամ է ստեղծել։ Վերլուծությունը առնվազն թույլ չի տալիս հրաժարվել էն մտքից, որ էդ ամեն ինչը արվել ու արվում է Հայաստանում ներքին հանրային դժգոհություն գեներացնելու համար։ Բայց ես տվել էի հանձնարարական, որ մեկ ամսվա ընթացքումմ կա՛մ պետք է հստակ ժողովրդի հասցված վնասը փոխհատուցելու մեխանիզմներ ներդրվեն, կա՛մ պետք է ՀԷՑ-ը ազգայնացվի՝ պետականացվի»։

ՀԷՑ-ը պետականացնելու նախադրյալներից մեկն էլ այն է, որ ընկերությունը հաճախ չարաշահում է իր մոնոպոլ դիրքը՝ նույն օրերին ԱԺ-ում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արման Եղոյանը․

«Մենք բացահայտեցինք, որ ի զարմանս մեզ, ահռելի թվով ներդրումներ այնտեղ չեն կատարվել կամ արդյունավետ չեն կատարվել, էլ չեմ ասում այն, որ իմ ՀԷՑ-ը մի շարք դեպքերում չարաշահում է իր մոնոպոլ դիրքը։ Մասնավորապես, շատ դեպքերում մենք շատ բողոքներ ենք ստանում նոր բաժանորդներից, որ ստիպում է իրենց նոր բաժանորդ դառնալուց հետո համապատասխան, ասենք, հաշվիչներ կամ տրանսֆորմատորները ձեռք բերել իրենց հետ փոխկապակցված ընկերությունից»։

«Ռադիոլուր»-ի հարցին, թե համաձայն է պատգամավորի այս դիտարկմանը, ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի պաշտանակատարն այսպես արձագանքեց․

«Մենք, մոնոպոլ դիրք ունենալով, ի՞նչ ենք չարաշահել։ Ոչ մի բան չի հաշվվում, այդ առումով չեմ կարող պատասխանել»։

Ղազինյանն ասում է, որ Սամվել Կարապետյանի տնօրինման ժամանակահատվածում էլեկրաէներգիայի սակագինը բարձրացվել է մոտ 4,8 դրամով։ Նա նաև պնդում է, որ ավելացված գումարի մեջ ՀԷՑ-ը ոչ մի բաժնեմաս չունի․

«Մի քիչ ուզում եմ մատչելի լեզվով ասեմ, որ մեր ժողովուրդը հասկանա։ Սակագինը «x»-ից դարձավ «y», այդ տարբերությունը պետք է ինչ-որ մեկին գնա։ ՀԷՑ-ին չի գալիս»։

Ղազինյանը չի բացառում, որ ընկերության պետականացման հետևանքով էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրա։ Տնտեսագետ Սոս Խաչիկյանը մինչդեռ, «Ռադիոլուր»-ի հետ զրույցի ժամանակ բացառել էր նման սցենարը․

«Որպես արդյունք՝ չեմ կարծում, բայց, իհարկե, խորքային վերլուծություններ պետք է լինեն, որ հասկանանք, թե ինչու, որովհետև դրա սեփականաշնորհման գործընթացը բավականին լուրջ բարեփոխումների գործընթացներով է պայմանավորված, որոնց մեծ մասը չեն իրականացվել։ Հիմա կարծում եմ, որ հնարավոր է որոշակի փոփոխություններ լինեն, բայց հատուկ պետականացման արդյունքում, որ էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանա, ինձ թվում է, այդպես չի լինի»։

ՀԷՑ-ը պետականացնելու օրենսդրական փաթեթը կքննարկվի ԱԺ արտահերթ նիստին՝ հուլիսի 2-ին։ Դրանով, ի թիվս այլնի, սահմանվում է, որ կարող է նշանակվել ժամանակավոր կառավարիչ, որը կունենա ընկերության կանոնադրությունը փոխելու լիազորություն և չի ենթարկվի ՀԷՑ-ի բաժնետերերի ընդհանուր ժողովին։ Փակագծերը չբացելով՝ ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը ասում է, որ ընկերությունը ՀԷՑ-ի պետականցումը թույլ չտալու ռազմավարություն է մշակել, արդեն աշխատում է միջազգային իրավաբանական ընկերությունների հետ։

Leave a Comment