Հայաստանում, բնականաբար, ուշադրությամբ ու հետաքրքրությամբ են հետևում այն լարվածությանը, որ առաջացել է և գոնե առ այս պահը խորանում է Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև: Այստեղ, սակայն, թերևս, հարկ է արձանագրել, որ գործ ունենք բավականին հակասական մի իրավիճակի հետ: Երբ Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունը սերտ է, խորը, Հայաստանի համար դրանից առաջանում են ռիսկեր:
Բայց այդ ռիսկերը չեն նվազում ռուս-ադրբեջանական հարաբերության լարվածության պարագայում: Ավելին, այդ լարվածությունն էլ թերևս պարունակում է Հայաստանի համար ռիսկերի իր չափաբաժինը: Հայաստանն ինչպես ռուս-ադրբեջանական սիրավեպի շահառու չէ, այդպես էլ չի կարող լինել ռուս-ադրբեջանական ապահարզանի շահառու:
Իհարկե, ըստ էության չկա գործնականում հնարավորություն ազդել թե մեկ, թե մյուս տարբերակի վրա, ազդել ռուս-ադրբեջանական հարաբերության «քիմիայի» կամ «ալքիմիայի» վրա: Բայց Հայաստանի համար անտեղի է նաև «ապահարզանին» երկրպագելը: Առավել ևս որ առայժմ, կարծես թե, լռում են որոշիչ սուբյեկտները՝ Պուտինն ու Ալիևը, որոնք հնարավոր է դիրքավորվում են որևէ սակարկությունից առաջ:
Ի վերջո, որքան էլ վերջին տարիներին հայ-ռուսական հարաբերությունը ենթարկվում է ճգնաժամի և տրանսֆորմացիայի, այդուհանդերձ, Հայաստանը, ըստ էության մի շարք օբյեկտիվ իրողությունների բերումով գտնվում է մի դիրքում, որը Ադրբեջանի համար այսպես ասած՝ հարմար է Ռուսաստանին հարվածելու տեսանկյունից: Այս հանգամանքը, իհարկե, մեզ համար անհրաժեշտ է դարձնում ռուս-ադրբեջանական որևէ լարվածության պարագայում աչալրջության ու զգոնության բազմապատկումը:
Բնականաբար, խոսքը դիվանագիտական միջոցների մասին է՝ հաշվի առնելով ուժերի ռազմական հավասարակշռությունը: Այդ զգոնությունը և աչալրջությունը բազմապատկելու լրացուցիչ առիթ եւ պատճառ է, անշուշտ, այն, որ Թուրքիայի նախագահը ծրագրում է հուլիսի 4-ին մեկնել Ադրբեջան՝ տնտեսական գործակցության կազմակերպության գագաթնաժողովի առիթով, որն, ի դեպ, կարծես թե ծրագրում են անցկացնել օկուպացված Ստեփանակերտում: Միաժամանակ հայտնում են, որ Ադրբեջանում է լինելու Պակիստանի վարչապետը: Մեկ ամիս առաջ նրանք միասին Լաչինում էին, հաստատելով իրենց ռազմա-քաղաքական եռակողմ դաշնակցությունը: