Զարմացա, որ էսքան «խոր անասուն» կա ՀՀ-ում, որը էս մարդկանց համարում է քաղբանտարկյալ. Ադամյան. տեսանյութ


«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Անահիտ Ադամյանը կարծում է, որ 2020 թվականի Ղարաբաղյան պատերազմից հետո միանշանակ է, որ Ռուսաստանի Դաշնությունը խնդիր է դրել Հայաստանում իշխանափոխություն իրականացնել և գործի է դնում բոլոր տարբերակները:

Նա հիշեցում է, թե քանի «Վեր կաց լաո» սկզբունքով գործողություններ իրականացվեցին, սակայն հանրությունը փողոց դուրս չեկավ, իրենց ակնկալած կրիտիկական զանգվածը չհավաքվեց, խորհրդարանում էլ ոչինչ չհաջողեցին:

Ըստ Ադամյանի՝ քաղաքական բոլոր ուժերի տապալումից հետո շեշտը դրվեց Եկեղեցու վրա. այսպես Եկեղեցին հայտնվեց քաղաքականության մեջ: Վերջինիս խոսքով՝ այս համատեքստում Մոսկվայից Հայաստան «առաքվեց» միլիարդատեր Սամվել Կարապետյանը:

«Իրենք իրենց կողմնակիցներին անվանում են էշ, խոր անասուն, պատրաստվում էին պատերի տակ գյուլլել, ավտոբուսներում վառել, հետո էլ նրանց ընտանիքներին փոխհատուցում տալ: Այս հոգևորականները Աստծո հետ որևէ կապ չունեն, ի՞նչ են Աստծո դատաստանի առաջ նրանք ասելու: Զարմացա, որ էսքան խոր անասուն կա ՀՀ-ում, որը դուրս է գալիս ի պաշտպանություն էս մարդկանց և համարում քաղբանտարկյալ: Մտածող մարդը և հայը դա չեն անի: Իրենք շատ լավ իրենց բնորոշումը տվել են՝ նեռ են: Նեռը հենց այսպիսին էլ լինում է: Նրանց շարժման մեջ սրբազան ոչինչ չկա: Այդպես անվանելը ցինիկ է հնչում»,- ասում է նա:

Ըստ զրուցակցի՝ ահաբեկչական ակտը հաջողելու դեպքում դրա շահառուն լինելու էր Ռոբերտ Քոչարյանը:

Ադամյանը վստահ է, որ նախկին նախագահներին հարող ուժերը ընտրությունների միջոցով չեն կարող գալ իշխանության, դրա համար նման գործընթացներ են ծավալում:

Ադամյանը խեղկատակություն է որակում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությունը, թե Եկեղեցու վրա հարձակումները լուրջ մտահոգության առարկա են: Միաժամանակ քաղաքական գործիչն ասում է՝ խոր հպարտություն է ապրել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պատասխանից, որով նա Լավրովին կոչ է արել չմիջամտել երկրի ներքին գործին: «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամի համոզմամբ՝ սա նշանակում է ինքնիշխանություն:

Անդրադառնալով նրան, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները պատրաստակամություն են հայտնել կալանավորված Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանի թեկնածությունը սատարել իմպիչմենտի գործընթացում, Ադամյանն ասում է՝ ավելի մեծ վատություն նրան հնարավոր չէր անել ձերբակալման, ապա կալանավորման պահին:

Մեկնաբանելով Լևոն Տեր-Պետրոսյանի և Գարեգին Բ-ի հանդիպումները՝ զրուցակիցը նկատում է. «Ծերուկը պարզապես անտանելի է դառնում: Նա թող պատասխանի՝ ինչու հրաժարական տվեց: Լևոն Տեր-Պետրոսյանը միայն մեկ խնդիր ունի. արդարանալ իր արածների և չարածների համար: Նա արժեզրկել է հաղթանակը: Մենք չհասկացանք, որ հաղթել ենք և պետք է թելադրենք: Ռուսաստանից էին թելադրում: 2020 թվականի պատերազմի և պարտության հիմնական մեղավորները Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանն են»:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

85 դիտում

Leave a Comment