Դիտում ՝ 21 556
Հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող՝ «ՀՀ կառավարության և Վրաստանի կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին» համաձայնագրի 4-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն, Հայաստանի Հանրապետությունից դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները պետք է իրականացվեն հսկիչ փաստաթղթի (ուղևորների ցուցակի) առկայությամբ։
Հսկիչ փաստաթուղթը պետք է լրացված լինի էլեկտրոնային եղանակով և դրա տպագրված թղթային օրինակը լինի տրանսպորտային միջոցի վարորդի մոտ։
Այսօր ուղևորափոխադրումներ կատարող ընկերությունների մի խումբ ներկայացուցիչներ դիմել էին խմբագրություն՝ նշելով, որ փաստաթղթերի լրացման գործընթացում կան տեխնիկական խոչընդոտներ, իսկ ՀՀ համապատասխան կառույցների «թեժ գիծ»-ը զանգերին հիմնականում չի պատասխանում։
«Մեզ ասում են, որ ձեր ուղևորների ցուցակը պետք է կազմեք ու տպեք՝ Հայաստանից գնալուց և Վրաստանից վերադառնալուց։ Այն անձինք, ովքեր ունեն «Մինիվեն» մեքենա, 5 հոգուց ավելի ուղևոր ունենալու դեպքում պետք է ցանկ ներկայացնեն՝ սահմանն անցնելուց պետք է տպված ցուցակը լինի վարորդի մոտ, որպեսզի այնտեղ կնիքը դնեն ու վարորդն անցի։ Հուլիսի 1-ով օրենքն ուժի մեջ է մտնում, հիմա մենք պետք է ցուցակ ներկայացնենք, բայց իրենց կայքը նորմալ չի աշխատում, ոչ էլ pdf-ը։ Զանգահարել եմ համապատասխան մարմնին, ասում եմ՝ ինչպե՞ս անեմ, ասում է՝ «մենք հիմա խնդիր ունենք, բայց խորհրդի կարգով կարող եմ ասել, որ եթե համակարգչի տիրապետում եք, կարող եք word ֆայլը տեղափոխեք jpg և աշխատեք»։ Լավ, ես եմ համակարգչից հասկանում, անում եմ, բա մյուսնե՞րը, ես իմ վարորդին ինչպե՞ս ասեմ, որ սա անի։ Կամ՝ վարորդը գնում, տեղ է հասնում, քնում-հանգստանում է, որ իր ուղևորներին ապահով բերի տեղ հասցնի, ես իրեն ինչպե՞ս այս ամենն ասեմ, որ անի, ե՞րբ հասցնի անի»,- նշեց մեր զրուցակիցներից մեկը։