Հնդկաստանում դեղագործական գործարանում պայթյունի և հրդեհի հետևանքով առնվազն 12 մարդ է զոհվել

Հնդկաստանի հարավային Թելանգանա նահանգում դեղագործական գործարանում տեղի ունեցած պայթյունի և հրդեհի հետևանքով առնվազն 12 մարդ է զոհվել, վիրավորվել են մի քանիսը, երկուշաբթի հայտնել են իշխանությունները։
Հրշեջ ծառայության աշխատակիցները 10 աշխատողի այրված մարմիններ են հայտնաբերել նահանգի մայրաքաղաք Հայդարաբադից մոտ 50 կիլոմետր հեռավորության վրա տեղակայված արդյունաբերական գոտում, Associated Press-ին հայտնել է նահանգի հրշեջ ծառայության տնօրեն Նարայանա Ռաոն։
Ըստ Ռաոյի՝ երկու աշխատողներ էլ այրվածքներ են ստացել և տեղափոխվել հիվանդանոց։ Նա հավելել է, որ Sigachi Industries-ի ավերված դեղագործական ստորաբաժանման ավերակները ներկայում մաքրվում են՝ պարզելու համար՝ արդյոք աշխատողներ մնացե՞լ են արգելափակված։ Հրշեջ ծառայության տնօրենը նշել է, որ մոտ երեք տասնյակ վիրավոր աշխատողներ տեղափոխվել են հիվանդանոցներ։
«Դա պայթյուն էր գործարանի չորացնող սարքում, որն օգտագործվում է հումքը դեղեր պատրաստելու և նախատեսված մանր փոշու վերածելու համար», -պատմել է Ռաոն։
Ըստ ընկերության կայքի՝ Sigachi Industries Limited-ը դեղագործական ակտիվ բաղադրիչների, միջանկյալ նյութերի և վիտամին-հանքային խառնուրդների արտադրությամբ զբաղվող հնդկական ընկերություն է։
Այն ունի հինգ արտադրական ձեռնարկություն Հնդկաստանում, ինչպես նաև մասնաճյուղեր ԱՄՆ-ում և Արաբական Միացյալ Էմիրություններում։ Վարչապետ Նարենդրա Մոդին ցավակցություն է հայտնել մարդկային կորուստների կապակցությամբ և հայտարարել է 200 հազար հնդկական ռուփիի (2333 ԱՄՆ դոլար) չափով ֆինանսական աջակցության մասին՝ զոհվածների ընտանիքների յուրաքանչյուր անդամի համար։

Leave a Comment