Հայաստանում բժիշկ-ռադիոլոգին կդատեն զորակոչիկի բժշկական փաստաթղթերը կեղծելու համար

Արմինֆո.ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում ավարտվել է բժիշկ-ռադիոլոգի կողմից իրավունք վերապահող բժշկական փաստաթուղթ կեղծելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

 

Ինչպես հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը, քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ զորակոչիկը 2023 թվականի նոյեմբերի 10-ին հետազոտվել է բժշկական կենտրոնում, որի ժամանակ վերջինիս մոտ իբր ախտորոշվել է այնպիսի հիվանդություն, ինչը հիմք է տվել զինկոմիսարիատի զորակոչային բժշկական հանձնաժողովին՝ արձանագրելու, որ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված ցանկի համաձայն, Լ.Մ.-ն պիտանի չէ զինվորական ծառայության համար։

 

«Բժիշկ֊ռադիոլոգի տված ախտորոշման իսկությունը պարզելու նպատակով նշանակվել է հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն: Ստացված եզրակացության համաձայն՝ զորակոչիկի մոտ նման հիվանդություն չի հայտնաբերվել, որով էլ հիմնավորվել է բժիշկ-ռադիոլոգի կողմից կեղծ բժշկական փաստաթղթի պատրաստման փաստը։

 

Նախաքննության ընթացքում բժիշկ-ռադիոլոգի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 1-ին մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը):

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ», – ասվւոմ է հաղորդագրությունում:

Leave a Comment