
Քննության հիմնական ուղղություններից մեկն է լինելու նաև երկրում ահաբեկչություն նախապատրաստած հանցախմբի ֆինանսավորման աղբյուրների բացահայտումը:
Այս մասին Հանրային ՀԸ եթերում ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը՝ մանրամասնելով.
«Պատշաճ դատավարական ընթացակարգերի շրջանակներում քննություն կկատարվի: Մենք դեռ որոշ մասն ենք հրապարակել են գործիքների, միջոցների, բաներ կան, որոնց ձեռքբերումը ենթադրում է որոշակի ֆինանսական միջոցներ և ֆինանսական հնարավորություններ: Դուք, եթե ուշադրություն դարձրել եք, արդեն հրապարակված գաղտնալսման ձայնագրություններից մեկում նաև խոսվում է, երբ որ պատերի տակ գյուլլենք, նաև կազմակերպվելու էր, ըստ էության, դրանց ֆինանսավորման և փոխհատուցման հարցը:
Այսինքն, այս առումով մեր հենց քննության ուղղություններից մեկը լինելու է նաև այն, որպեսզի պարզենք հանցավոր խմբի ֆինանսավորման աղբյուրները, և էդ մասով նույնպես քննությունը համապատասխան ընթացքում մենք պաշտոնական հաղորդագրություն կունենանք»,- ասաց Արթուր Պողոսյանը:
Կան այլ անձինք, ովքեր այս գործի մեջ ներգրավված են, սակայն ձերբակալված չեն:
Հարցին ի պատասխան, ՀՀ քննչական կոմիտեի նախագահն ասաց.
«Բնականաբար այս առումով գործողությունը ավարտված չէ բնականաբար: Մենք ունենք նաև այլ մասնակիցներ, որոնց առաջիկայում նաև դատավարական կարգավիճակներ կտանք: Ես առումով չեմ ուզում փակագծերը բացեմ, այս խմբի գործողությունները չէր կարող սահմանափակվել այ էս անձանց շրջանակով, բնականաբար այդ մասով նախաքննական մարմինը ակտիվ քննչական և այլ դատավարական գործողություններ է կատարում իհարկե նաև ազգային անվտանգության ծառայության հետ համատեղ»,- ասաց Պողոսյանը:
Հիշեցնենք՝ հունիսի 28-ին հրապարակվել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատական որոշումը: Աջապահյանը կալանավորվել է 2 ամսով:
Իրավապահները, ինչպես հայտնել էինք հունիսի 27-ին, Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդարանում առավոտյան քննչական գործողություններ էին իրականացրել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի վերաբերյալ հարուցված քրեական վարույթի շրջանակներում:
Միաժամանակ այցելել էին Մայր Աթոռի տարածք, որտեղ գտնվում էր Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը:
Հայտնել էինք նաև, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ձերբակալելու որոշումը իրականացնելու համար Մայր աթոռ մեկնած Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը և Ոստիկանությունը, ելնելով անվտանգության նկատառումներից և կանխելով իրավիճակի հնարավոր և դիտավորյալ սրումը, որոշում էին կայացրել դուրս գալ Մայր Աթոռի տարածքից։
ԱԱԾ-ն ևս մեկ հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ հունիսի 27-ին որոշում է կայացվել ազատության մեջ գտնվող մեղադրյալ Գևորգ Աջապահյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու նպատակով դատարան ներկայացնելու համար ձերբակալելու մասին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Սրբազան պայքար» անվանումը կրող շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել, ապա կալանավորվել է 15 անձ:
Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ «Սրբազան պայքար»-ի մասնակիցները և ղեկավարները պլանավորել են ՀՀ-ում ահաբեկչական գործողություններ: Պլանավորմանը մասնակցել են մի շարք անձինք, ներգրավվել՝ նախկին ոստիկաններ ու զինվորականներ:
Հրապարակվել են այս ամենը հաստատող ձայնագրություններ ևս, որոնցում տարատեսակ ցուցումներ է տալիս, պլաններ ներկայացնում հենց Գալստանյանը:
Վերջինս, դատարանի որոշմամբ, 2 ամսով կալանավորվել է:
![]()
Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ