Եվրոպայում աննախադեպ շոգեր են – MediaLab Newsroom-Laboratory

Եվրոպայում ռեկորդային շոգեր են։ Իսպանիայի Էլ Գրանադո քաղաքում արձանագրվել է 46°C տաքություն, որը հունիս ամսվա համար պատմության մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ Իսպանիայի օդերևութաբանական ծառայության գնահատմամբ՝ այս հունիսը կարող է դառնալ երկրի երբևէ գրանցված ամենաշոգը։

Շոգի ազդեցությունը հատկապես նկատելի է Իսպանիայի հարավում։ Սևիլիայում և հարակից շրջաններում ջերմաստիճանը գերազանցում է 44°C-ը։ Հատկանշական է, որ հենց այսօր Սևիլիայում մեկնարկել է ՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովը (FfD4), որին մասնակցում են բազմաթիվ երկրների ներկայացուցիչներ, ներառյալ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը։ 

Համաժողովի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ընդգրկված է նաև կլիմայի փոփոխության դեմ պայքարի ֆինանսավորման թեման, իսկ մասնակիցներն կլիմայի փոփոխության ազդեցությունը զգում են բառացիորեն իրենց մաշկի վրա՝ շոգի աննախադեպ պայմաններում։

Արդեն կարմիր և նարնջագույն շոգի նախազգուշացումներ են հայտարարվել Պորտուգալիայում, Իտալիայում, Խորվաթիայում, Իսպանիայում, Ֆրանսիայում, Ավստրիայում, Բելգիայում, Սերբիայում, Սլովենիայում և մի շարք այլ երկրներում։

Նմանատիպ շոգի պայմաններում առավել խոցելի են տարեցները, քրոնիկ հիվանդություններ ունեցողներն ու անօթևան քաղաքացիները, որոնց առողջության վրա բարձր ջերմաստիճաններն ունեն առավել մեծ ազդեցություն։ Այս խմբերի պաշտպանության համար մի շարք երկրներում իրականացվում են հատուկ միջոցառումներ՝ կլիմայական ապաստարաններ, բուժման հատուկ ուղիներ և հովացման հասանելիություն, մասնավորապես Հռոմում 70 անց քաղաքացիների համար լոզավազանները դարձրել են անվճար։

ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության միջկառավարական հանձնաժողովը տեղեկացնում է, որ նմանատիպ եղանակային երևույթները կլիմայի փոփոխության հետևանքով դառնում են ավելի հաճախակի և ինտենսիվ։ Այս իրադրության պայմաններում երկրագնդի վրա ավելի ու ավելի շատ մարդիկ են հասկանում, որ կլիմայի փոփոխությունը բացառապես փոքր կղզի պետությունների կամ սակավաջուր տարածաշրջանների խնդիր չէ, այլ համաշխարհային մակարդակի մարտահրավեր, որն արդեն ամենուր է։

MediaLab.am

Leave a Comment